Արդեն 3 տարի, ինչ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձորի համայնքապետարանը համայնքի պահուստային հողերը գյուղացիներից վերցրել, վարձակալությամբ հանձնել է «ՀԻմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին, որը Լուսաձորում անասնապահական ֆերմա ունի։ Լուսաձոր համայնքի 43-ամյա բնակիչ Արմեն Եգանյանը հայտնեց, որ իրենք 1999թվականից վարձակալությամբ մշակել են այդ հողերը, մուծել վարձակալության գումարները։
Ընտանեկան նպաստառու, անչափահաս 3 երեխաների հայր Արմենը հայտնեց, որ հողի սեփականաշնորհման ժամանակ՝ 1991թ․ իրենց ընտանիքին ընդամենը 1200 քառակուսի մետր հող է սեփականաշնորհվել , որն այժմ 5 հոգու՝ իր , 2 եղբայրերի, հոր, խորթ մոր ընդհանուր սեփականություն է,ինքը այդ 1200 մետր հողը մշակում է հերթով ՝ 3 տարին մեկ։ Սակավահողության պատճառով, սկսած 1999թվականից, Ա․ Եգանյանին հատկացվել է 5000 քառակուսի մետր ոռոգելի տարածք, որից 1000 մետրը գյուղապետ Վարդան Սարդարյանը հետո մեկ այլ լուսաձորցու է հատկացրել։ Արմեն Եգանյանը հայտնեց,որ 2017թ․ նոյեմբերին Տավուշի մարզպետարանից ստացել են հողերը «ՀԻմնաՏավուշին» հատկացնելու վերաբերյալ իրենց բողոքի պատասխանը, ուր հայտնվում է, որ մարզպետարանը կզբաղվի խնդրով։
Ա․ Եգանյանը հայտնեց, որ սկզբում հողերը հիմնադրամին հատկացնելու դեմ բողոքում էին գյուղի 13 ընտանիքներ, որոնց մի մասին «ՀԻմնաՏավուշը» արեւային մարտկոցներ նվիրելով՝ լռեցրել է։ Ա․ Եգանյանի խոսդքերով՝ այդ մարտկոցները բաժանելիս համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը կողմնապահություն է արել, դրանք առաջին հերթին տալով իր արյունակից բարեկամներին։ 2019թ․ «ՀԻմնաՏավուշի» ներկայացուցիչներն այցելել են Արմեն Եգանյանի տուն,․խոստացել նրա ընտանիքին օգնել, արեւային մարտկոց տրամադրել, սակայն խաբել են։ Լուսաձորի ավագանու անդամները գյուղացիներին խաբել են, ասելով, որ «ՀԻմնաՏավուշ» հիմնադրամին համայնքի պահուստային հողերը տրվում են մեկ տարով, սակայն իրականում արդեն 3 տարի այդ հողերը հիմնադրամն է տնօրինում։
Ա․ Եգանյանը պատմեց, որ 2017թ․ աշնանը հիմնադրամն այդ հողերը վարել է, հացահատիկ ցանել, 2018-ի գարնանն էլ առվույտ եւ կորնգան ցանել, սակայն հողերի վարձակալության պայմանագիրը կնքվել է 2018թ․ ամռանը, տեղի է ունեցել օրենքի խախտում։ Ա․ Եգանյանը համայնքի ղեկավարին հարցրել է, թե ինչու հողերի վարձակալական մրցույթների մասին գյուղացիները տեղյակ չեն, Վ․ Սարդարյանը հայտարարել է, որ այդ մրցույթների վերաբերյալ հայտարարություները տպվել են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։ Ա․ Եգանյանը հայտնեց, որ ինքն այս տարի հնձել է իր կողմից 17 տարի օգտագործված հողամասը, «ՀԻմնաՏավուշը» դիմել է ոստիկանություն։ Ա․ Եգանյանը ոստիկանության Իջեւանի բաժնում հայտարարել է, որ ցանկանում է ապօրինաբար, կեղծ մրցույթով «ՀԻմնաՏավուշին» հողերը հանձնելու վերաբերյալ հայտարարություն տալ, սակայն բաժնի աշխատակիցները նրա հայտարարությունը չեն ընդունել, ասելով, որ նա կարող է դիմել դատարան։ Ա․ Եգանյանը հայտնեց, որ այժմ Լուսաձորի 6 ընտանիքներ բողոքում են հողերը «ՀԻմնաՏավուշը» հանձնելու դեմ։ Ա․ Եգանյանը սրտի ցավով ասաց, որ ինքը մշակելու հող չուն ի, իսկ «ՀԻմնաՏավուշը» նշված հողերը որպես արոտավայր է օգտագործում։
Ոսկան Սարգսյան