ԲՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց չի քննարկել. միասնական օրակարգ են  ձեւավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե 100 տոկոսով պետք է կառավարությունը փոխվի, դրանից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը հայտարարեց, որ իրենք նոր պահանջ չեն ներկայացրել, դրա մասին վաղուց է ԼՀԿ-ն հայտարարել: Այժմ էլ, երբ ԲՀԿ-ն հայտարարում է, թե պետք է ՀՀ նոր վարչապետ ընտրել, լուսավորականները հայտարարում են, թե նոր վարչապետը լինելու է իրենց թիմից, քանի որ հաջորդ իշխանությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է լինելու:

«Ես որևէ նոր առաջ քաշած օրակարգ չեմ տեսել, որի մասին «Լուսավոր Հայաստանը» չի խոսել: Հետևաբար որևէ կոնսոլիդացիայի մասին եթե խոսում ենք, «Լուսավոր Հայաստանը» պետք է և կարող է, այն միակ ուժն է, որի շուրջ պետք է տեղի ունենա կոնսոլիդացիա առողջ և ունակ, կարող ուժերի հետ համատեղ: Ինչպես դա տեղի կունենա և երբ, մենք դրա մասին, բնականաբար, հայտարարություն կանենք»,-հայտարարել էր ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ, հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն ԱԺ ընդդիմադիր ֆրակցիայի դիրքորոշման հետ կապված:

-Տիկի՛ն Իսայան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ եթե կառավարության նոր ղեկավար ընտրելու հարց առաջանա, ապա այն պետք է լինի բացառապես իրենց կուսակցությունից: ԲՀԿ-ն ինչպե՞ս է վարեբերվում այս հարցին, պայմանավորված այն հանգամանքով, որ ԲՀԿ-ն արդեն պահանջ է դրել կառավարության հրաժարականի:

Մեզ համար, այսօրվա դրությամբ թիվ մեկ օրակարգն այս իրավիճակից դուրս բերելն է, մենք այս պահին չենք քննարկում վարչապետի թեկնածության հարց, առավել եւս այս կամ այն անձերի: Մեզ համար հիմա կարեւոր է համախմբել բոլոր կարող եւ առողջ խմբերին, ովքեր կկարողանան ներկայացնել  իրատեսական ծրագիր, որով մենք կկարողանանք երկիրն այս իրավիճակից հանել: Օրինակ արագ կերպով ու հստակ քայլերն են անհրաժեշտ, միասին գծելու ու հաշվարկելու համար, որպեսզի տնտեսության ողնաշարը փորձենք վերականգնել: Անենք նոր նախագծեր, ծրագրեր, որպեսզի ՀՀ քաղաքացու կյանքը օր առաջ բարելավվի: Մեզ համար առաջնային խնդիրը եւ նպատակը մեր հրատապ նիստի եւ պարոն Ծառուկյանի ելույթը դա է եղել:

-Արդյո՞ք այժմ քննարկվում է առաջիկայում հայրենի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, այսինքն խորհրդարանական ուժերը անվստահություն հայտնեն վարչապետին ու իր գլխավորած կառավարությանը:

Մեր հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ են արձագանքել, այս փուլում քննարկումներ են տեղի ունենում, ինչ քայլերի հետագայում կարիքը կլինի, երբ որ միասնական օրակարգը ձեւավորվի այդ մասին մենք կբարձրաձայնենք: Այս պահին չեմ կարող ասել, թե հաջորդ մեր քայլը որը կլինի կամ առհասարակ ինչ քայլեր կլինեն:

-Իսկ այժմ ԲՀԿ-ն քաղաքական ի՞նչ ուժերի հետ է հանդիպումներ ունենում, ի՞նչ պլաններ ունեք այդ առումով:

-Որեւէ բան պլանավորված չէ, արձագանքների հիման վրա այս պահին քաղաքական հանդիպումներ ենք ունենում:  Իսկ հետագայում, երբ որ այդ հանդիպումների արդյունքում միասնական օրակարգ ձեւավորվի, որ ուժերը որ դրան միացած լինեն, մենք անպայման կտեղեկացնենք:

-Ըստ մեր տեղեկությունների Գագիկ Ծառուկյանը խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը հանդիպումներ է ունենալու այն քաղաքական ուժերի հետ, ովքեր «կշիռ» ունեն ու բոլոր արձագանքողների հետ չէ, որ կհանդիպի: Կա՞ նման բան:

Որեւէ մեկի հետ հանդիպել-չհանդիպելու առհասարակ խնդիր չունենք, մեր միակ խնդիրն այն է, որ մենք ասել ենք, այն քաղաքական ուժերն ու գործիչները, ովքեր ժողովրդի համար անընդունելի են, չեն լինելու այս համախմբման կազմում; Դա մեր թիվ մեկ սկզբունքն է, ոչինչ ավելին: Իսկ ինչ վերաբերվում է այս կամ այն անհատներին, ապա մենք հստակ հայտարարել ենք, որ այն քաղաքական ուժերը ովքեր արձագանքել են, մենք հանդիպումներ կունենանք: Ինչ օրակարգ կձեւավորվի, մենք առաջիկայում կխոսենք դրա մասին:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս