ՏՆԱՎԱՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ ՕՏԱՐՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն Իջեւանի պետական քոլեջի ցերեկային պահակ 54-ամյա Հեղինե Կարապետյանից բողոք է ստացել առ այն, որ քոլեջի տնօրինությունը հարկադրում է իրեն, որպեսզի հեռանա աշխատանքից: «Ամեն ինչ սկսվեց 2010թ. հուլիսին: Քոլեջի տնօրեն Արիս Թորոսյանի քույրը` Սոնան, մտավ պահակի սենյակ եւ ասաց` գալիս եմ, պահակ աշխատեմ»,-իրավիճակի նկարագրությունն այսպես սկսեց տիկին Հեղինեն: Նրա խոսքերով` Սոնա Թորոսյանը քոլեջի հանրակացարանի պահակն է: Քանի որ հանրակացարանում քիչ ուսանողներ են գիշերում, այդ պատճառով նրա հաստիքը դարձել է կես դրույք: Հավանական է, որ այն ընդհանրապես կրճատվի, դրա համար էլ Սոնան «աչք է դրել» իր գործին: Տիկին Հեղինեն վկայում է, որ իրեն գործից հեռացնելու համար քոլեջի տնօրինությունը դիմել է անթույլատրելի մեթոդների` փորձելով վարկաբեկել իր բարի անունը: Նրա վկայությամբ` այդ նպատակով օգտագործել են քոլեջի շենքի պարետ Սամվել Ճաղարյանին: Վերջինս տիկին Հեղինեի հանդեպ դարձել է ավելի «ուշադիր», շենքում ջուր լցնելու ժամանակ նրան առաջարկել իր օգնությունը: Մի անգամ էլ տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Լյովա Խառատյանի ներկայությամբ աչքով անելով Հեղինեին`  ասել է. «Հեղինե՛, այս ինչե՞ր են ասում մեր մասին»:Հեղինե Կարապետյանը տարակուսել է այդ խոսքերից` դրանից հետո նկատելով, որ քոլեջի աշխատակիցների վերաբերմունքն իր նկատմամբ մի տեսակ փոխվել է: Հեղինեն վկայում է, որ Սամվելն անհարկի մտնում էր իր սենյակ, երբ անգամ գործ չէր ունենում: Տիկնոջ խոսքերով` իրեն վատ վարքի տեր ներկայացնելու  փորձերից զատ, փորձել են նաեւ հոգեկան անհավասարակշիռ մարդ ներկայացնել. «Տնօրենի տեղակալ Լյովա Խառատյանն ինձ հետ խոսելիս մի տեսակ տարօրինակ  էր պահում իրեն: Ոնց որ խոսում են հոգեկան հիվանդի հետ: Երբ ես ցանկանում էի մեր գյուղում մի երիտասարդի հուղարկավորությանը մասնակցել, տնօրենի քույրն ինձ ասաց` ինչո՞ւ ես մասնակցում, չէ՞ որ դու հիվանդ ես»: Սակայն ամենազավեշտալին այն է, որ քոլեջի աշխատակիցների շրջանում կեղծ լուրեր են տարածել` իբր Հեղինեն կլիմաքս է տարել, ինչի պատճառով հուզմունք եւ անհանգստություն է զգացել: Տիկինն իր գլխին եկած այս պատմությունները երկար ժամանակ թաքցրել է իր ընտանիքից` չցանկանալով անհանգստացնել նրանց: «Գիշերը քնած էի, արթնացա, տեսա` կինս լացում է: Ասաց` այլեւս չեմ կարող այդ ամենը հանդուրժել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Հեղինեի ամուսինը` Աշոտ Վիրաբյանը, որի հետ այցելեցինք Իջեւանի քոլեջ: Տիկին Հեղինեն այնտեղ էր` աշխատավայրում: Տնօրենի, նրա տեղակալ Լյովա Խառատյանի, Սամվել Ճաղարյանի եւ մի շարք աշխատակիցների հետ քննարկեցինք տիկին Հեղինեի պնդումները: Վերջինս իր նկատմամբ տնօրենի տեղակալ Լյովա Խառատյանի վարմունքից խիստ վրդովված էր: «Դու ինձ վառել ես»,-տնօրենի տեղակալին նետեց  Հեղինե Կարապետյանը: Սամվել Ճաղարյանը, բնականաբար, հերքում էր իրեն հասցեագրված մեղադրանքները: Հարցին, թե ինչու Է Աշոտից` Հեղինեի ամուսնուց, ներողություն խնդրել, եթե ինքը մեղավոր չէ, այսպես պատասխանեց. «Ղալաթ եմ արել, որ շաբաթ օրը գործի եմ եկել»: Ընդ որում, Սամվելն արդարանալիս անընդհատ նայում էր տնօրենին` կարծես նրանից աջակցություն  խնդրելով: Տնօրեն Թորոսյանն  էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք լավ են ճանաչում Հեղինեին` որպես բարոյական անձնավորության, եւ ժխտում էր տիկին Հեղինեի մեղադրանքները: «Հեղինեն հոգեկան անհավասարակշռությո՞ւն ունի»,-հարցրինք տնօրենին: «Չէ՛, ուղղակի կասկածամիտ է»,-պատասխանեց նա:Իսկ երբ ցանկանում էինք լուսանկարել Արիս Թորոսյանին, վերջինս նեղացավ. «Ցիրկի մայմուն չեմ»:Քոլեջում բավականին հետաքրքիր փաստեր հայտնաբերեցինք: Արդեն նշվեց, որ տնօրենի քույր Սոնան հանրակացարանի պարետ է աշխատում: Ա.Թորոսյանի մյուս քույրը` Մարիժանը,  ֆրանսերենի ուսուցչուհի է, Թորոսյանի աղջիկ Ռոզան` հայոց լեզվի ուսուցչուհի: Տնօրենի աներձագ Գագիկը հնոցապանն է, Գագիկի որդի Արմենը` գիշերային պահակը: Վերջինս գարնանը աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Տնօրենի տեղակալ Լյովա Խառատյանի կինը` Ռիմա Մարդանյանը, քոլեջում գործավար է, աղջիկը` Ալլան, համակարգչային կաբինետում է աշխատում: Միգուցե այս տնավարի մթնոլորտն է պատճառը, որ պետական քոլեջում կեսօրից հետո դասեր չեն անում: Ավելացնենք, որ նույն տնօրենի հրահանգով Հեղինեի ամուսին Աշոտը շուրջ 3 ամիս գիշերային պահակ է աշխատել չվարձատրվելով: Ահա թե ինչ բարքեր են հաստատված կրթական այդ համալիրում:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս