Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Քաջիկ Գևորգյանը 2019 թվականին որևէ շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել։ 2019 թվականի դրությամբ պատգամավորն ունեցել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք Կենտրոնում, 2 հողամաս և մեկ առանձնատուն Սարդարապատում։
Նշենք, որ Քաջիկ Գևորգյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է։ Ընդ որում, Երևանի Կենտրոնում գտնվող տունը Քաջիկ Գևորգյանը ժառանգություն է ստացել։ Չնայած պատգամավորն ավտոմեքենա ձեռք չի բերել 2019 թվականին, սակայն 2018 թվականին նա գնել էր հենց այդ թվականի արտադրության BMW մանկիշի ավտոմեքենա, սակայն գինը նշված չէ։
Քաջիկ Գևորգյանը հայտարարագրել է նաև թանկարժեք գույք, որի արժեքը գերազանցում է 8 մլն դրամը։ Ընդ որում, նա 2019 թվականին նվեր է ստացել թանկարժեք զարդ՝ 50 և 19 հազար դոլար արժողությամբ։ Ուշագրավ է, որ նա նվերը ստացել է Սարգիս Թադևոսյանից, որն իր կնոջ հայրն է։ Պատգամավորի՝ բանկում առկա դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ, իսկ կանխիկ ունեցել է 14 մլն դրամ, 65 հազար դոլար և 25 հազար եվրո։ Բացի 8 մլն դրամ աշխատավարձից, նա ստացել է 24 մլն դրամի շահաբաժին՝ «Քաջ տրանս» ՍՊԸ-ից և 4 մլն դրամ՝ «Տուֆ Սթուն» ՍՊԸ-ից։
Պատգամավորի կինը՝ Տաթևիկ Թադևոսյանը, ՌԴ քաղաքացի է։ Նա ունի 20 հազար ռուբլիի արժեթուղթ, բանկում՝ 400 հազար դոլար, 220 հազար եվրո, 13 մլն ռուբլի։ Տաթևիկ Թադևոսյանը ևս թանկարժեք գույք է հայտարարագրել, որից երեքը գնել է, երեքը՝ նվեր ստացել։ Թանկարժեք երեք զարդերն արժեն 80 հազար, 100 հազար և 50 հազար դոլար, իսկ գնածները՝ 29 հազար, 18 հազար և 10 հազար դոլար։
Ն․Հ․