«ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԸ ՇԱՏ ԾԱՆՐ ԷԻՆ». ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  երգչուհի Հասմիկ Կարապետյանը խոսել է դեռ 40 օրական որդու, դստեր արձագանքի եւ կրկին երգարվեստ վերադառնալու մասին:

-Հասմի՛կ, արդեն երկրորդ անգամ եք զգում մայրության բերկրանքը: Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր զգացողություններով:

-Բնականաբար խոքերով շատ դժվար է նկարագրել այն զգացողությունը, որն ապրում է յուրաքանչյուր մայրիկ, երբ առաջին  անգամ իր բալիկին իր գիրկն է առնում: Դա մի աստվածային զգացողություն է, բայց միեւնույն ժամանակ վախենալու է, քանի որ զգում ես, թե ինչքան մեծ պատասխանատվություն ես կրում այդ էակի նկատմամբ եւ ինչեր դեռ պետք է անես, որպեսզի ճիշտ մարդ դաստիարակես, երբ հասկանում ես` ինչ աշխարհ ես բերել այս երեխային՝ լի անարդարություններով, մանավանդ հիմա` այս վատ ժամանակներում երեխա ունենալը, կարծում եմ, հերոսություն է:

-Մեր նախորդ զրույցում երեխայի սեռի մասին չէիք ցանկանում խոսել: Հիմա, երբ արդեն բալիկը լույս աշխարհ է եկել, կասե՞ք երեխայի սեռը:

-Այո, իրավացի եք, նախորդ հարցազրույցներում չէի ցանկանում ասել, թեեւ մենք արդեն  գիտեինք, որ որդի ենք ունենալու: Նա իսկապես Աստծու պարգեւ է, քանի որ ամուսինս իր ամբողջ գիտակցությամբ, հոգով ցանկանում էր տղա երեխա ունենալ, դե, կարծում եմ, յուրաքանչյուր տղամարդ էլ իր հոգու խորքում երեզում է որդի ունենալու մասին, բայց համոզված եմ, որ պակաս ուրախ չէր լինի, եթե աղջիկ ունենայինք: Ինձ թվում էր, թե Տաթեւից հետո էլ երբեք երկրորդ զավակ չեմ ունենա: Տաթեւն ունեցավ եղբայր, կարծում եմ՝ այդպես էր նախատեսված, եւ դա ամենաճիշտն էր:

-Իսկ ինչպե՞ս եք անվանակոչել երեխային:

-Անկեղծ ասած, երկրորդ երեխայի դեպքում շատ չենք մտածել, թե ինչ անուն պետք է ընտրենք: Երեխային անվանել ենք Գրիգոր՝ Շանթի հոր անունով, թեպետ այնքան էլ ինձ դուր չէր գալիս, քանի որ ես ավելի շատ Արգեկ, Նարեկ անունների կողմնակիցն էի, բայց ծնվելուց հետո հասկացա, որ նա հենց Գրիգորն է:

-Ինչպե՞ս եք հասցնում երեխաների խնամքը:

-Շատ դժվար է երկու մանկահասակ երեխա խնամելը, եւ շատ մայրիկներ ինձ կհասկանան, բայցեւ այդ դժվարության հետ մեկտեղ հաճելին էլ շատ է: Մինչ օրս  երեխաներին խնամել ենք ես եւ ամուսինս, սակայն այս իրավիճակի հետ կապված` ամուսինս տանից է աշխատում եւ ինձ օգնում է, մասնավորապես տղայիս հարցում: Հանգիստ կարող եմ երեխային թողնել նրա խնամքին եւ տանից բացակայել մի քանի ժամով, սակայն վերջերս հասկացա, որ ֆիզիկապես չեմ հասցնում, օրվա ընթացքում անգամ չեմ հասցնում մեկ անգամ ճաշ պատրաստել եւ ինքս ուտել: Որդիս դեռ 40 օրական է, եւ դեռ հասցնում եմ տանը աշխատանքներ կատարել, հիմա ունեմ արդեն տանն ինձ օգնող մի մարդ, ով ինձ շատ է օգնում, եւ նա ինձ հնարավորություն տվեց, որպեսզի ես երկու կես չլինեմ:

-Ինչպե՞ս կբնութագրեք նրանց:

-Աղջիկս լիդեր է միանշանակ, որն արդեն ակնհայտ երեւում է, ուժեղ, ազատ բնավորություն ունի: Շատ խելացի է, էներգիայով լի, նա պետք է անընդհատ զբաղվի, շարժվի, շատ վառ անհատականություն է, որը հետագայում արդեն պարզ կլինի: Կարեւորը, որ նա ուժեղ  աղջիկ է: Որդիս շատ նուրբ ու քնքուշ է, կապուտաչյա մի փոքրի տղամարդ է, որի դիմագծերը շատ գեղեցիկ են: Շատ խարիզմատիկ, հանգիստ երեխա է, դեռ փիսիկի ձագուկ է:

-Սովորաբար մայրիկները նշում են, որ երկրորդ բալիկ ունենալուց հետո առաջնեկները, որ այդքան ուշադրության կենտրոնում են եղել ծնողների կողմից, սկսում են խանդով վերաբերվել իրենց քույրիկին կամ ապերիկին: Ձեր դեպքում ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս արձագանքեց Տաթեւը:

-Տաթեւն առ այսօր խանդով է լցված փոքրիկ եղբոր հանդեպ, քանի որ նա շատ սպասված երեխա էր, եւ նրան շատ սեր է տրվել եւ տրվում: Նա ինձ հետ շատ կապված է, եւ երբ տեսնում է Գրիգորին գրկիս սենյակից դուրս է գալիս, շատ վատ է զգում: Առաջին օրերը շատ ծանր էին, նույնիսկ եղավ դեպք, երբ եղբոր վրա շշով ջուր էր լցրել, բայց նաեւ ինձ ուրախացնում է այն փաստը, որ նրա մեջ չկա ագրեսիա եւ չարություն եղբոր նկատմամբ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կապվածություն ստեղծվի քույր եւ եղբոր միջեւ, որը ժամանակի հարց է. բոլոր երեխաներն էլ նման բարդույթներ ունենում են:

-Հասմի՛կ, արդեն բավականին ժամանակ է՝  հեռացել եք շոու-բիզնեսից: Ե՞րբ եք պատրաստվում կրկին վերադառնալ:

-Հեռանալ շոու-բիզնեսից ասելը սխալ է, քանի որ ես երբեք այդ հասկացողության մեջ չեմ եղել: Ես ուղղակի մարդ եմ, ով ունի իր սիրած աշխատանքը, Աստծու կողմից տրված փոքրիկ շնորհք` երգեր ստեղծելու եւ նվիրելու իր երկրպագուներին: Բախտս բերել է, որ այսօր ես ունեմ երկրպագուների մի բանակ, ովքեր սպասում են իմ երգերին: Վերադառնալու խնդիր չկա, նախ պետք է հասկանանք, թե մեր երկրում եւ թե շոու-բիզնես ասվածում ինչ է կատարվում, ամենուր հիմա վախի մթնոլորտ է, եւ, բացի այդ, ոչ մի հետաքրքիր բան չկա, այնպես չէ, որ ամեն օր համերգներ են կազմակերպվում, որին ես չեմ մասնակցում եւ հետ եմ մնացել: Վերադառնալու կամ նորից վերդառնալու խնդիր չկա, կլինեն լավ ստեղծագործություններ, ես չեմ դադարում ստեղծագործել եւ ժամանակ առ ժամանակ կնվիրեմ իմ երկրագուներին:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ՎԱՆԵՑՅԱՆԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԻՑ». ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ես կարծում եմ, որ երկրի այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մեղավորներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված օրհասական վիճակին եւ համաճարակի բռնկմանը:

 

«Ինձ թվում է՝ ինքը խելացի մարդկանցով շրջապատված չէ, եւ ինքն էլ շատ խելացի մեկն էլ չի, սովորական միջակ լրագող էր, ինչ-որ բան ուզում էր փոխել, եւ ես իսկապես հավատում եմ, որ նա ուզում է փոխել երկիրը դեպի լավը, բայց դե չի կարողանում անել, փաստը մնում է փաստ, որ ոչ մեկին չի կարողանում բռնել, ոչ էլ նստացնել: Եվ դրա հետ միաժամանակ ունի ամբիցիաներ եւ հենց այդ ամբիցիաների պատճառով էլ նա շատ երկար չի ղեկավարի այս երկիրը»,-նշում է նա:

Ռուբեն Հախվերդյանի համոզմամբ՝ երկու տարի առաջ ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել մեր երկրում, այլ իշխանափոխություն:

«Ես վստահությամբ ո՛չ Նիկոլին եմ վերաբերվում, ո՛չ Սերժին, ո՛չ Ռոբերտին եւ ո՛չ էլ Լեւոնին էի վերաբերվում, առհասարակ ես քաղաքական դեմքերի նկատմամբ երբեք վստահություն չեմ ունեցել: Իսկ ինչ վերաբերվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործողություններին, ապա միայն կարող եմ ասել, որ նա   վարչապետ չի կարող լինել, եւ պարզապես վրեժ է լուծում Նիկոլից»,-հավելում է Հախվերդյանը:

Իսկ ինչ վերաբերում է բաց եւ փակ տարածքներում դիմակների պարտադիր կրելուն, ապա մեր զրուցակիցը նշում է. «Ա՛յ մարդ, ինձ թվում է՝ այդ պարտադիր դիմակ կրելը հիմարություն է, այս հիվանդությունն ազդում է հիմնականում շաքարային դիաբետ ունեցողնեի եւ թոքային թույլ համակարգ ունեցողների, բրոնխներից հիվանդների վրա, եւ ինձ թվում՝ այս ամեն ինչը մի քիչ չափազանցված է, չնայած որ այդ հիվանդությունը կա»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին կկարողանա մասնակցել իր թիմի առաջիկա խաղին. տեղեկացնում է Sport.es-ը: Լիոնել Մեսին ցավեր ուներ ազդրի շրջանում եւ հունիսի 3-ին մարզվել էր ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

 

 

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԱՃՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ նվաճման է հասել: 35-ամյա հարձակվողը դարձել է ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստը, որն իր կարիերայի ընթացքում աշխատել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Ռոնալդուն 650 միլիոն դոլար ստացել է որպես աշխատավարձ, իսկ մնացած 350 միլիոն դոլարը վաստակել է հովանավորչական պայմանագրերի շնորհիվ: Ամբողջ կարիերայի ընթացքում Կրիշտիանու Ռոնալդուն իր եկամտից Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի հարկային մարմիններին վճարել է ավելի քան 105 միլիոն դոլար հարկ:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ԱՆԳԼԻԱ

Դորտմունդի «.Բորուսիայի» եւ Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինի ընթացքում մեկնել է Անգլիա: Bild-ի հաղորդմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստը Անգլիա է մեկնել առանց «Բորուսիայի» թույլտվության, ինչն առաջացրել է ակումբի ղեկավարության զայրույթը: Ենթադրվում է, որ Ջեյդոն Սանչոն Անգլիա է մեկնել բանակցություններ վարելու իր ծառայություններով հետաքրքրվող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով: Հիմա նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դորտմունդյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում:




Լրահոս