Ո՞Ր ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԲԱՑԱԿԱՅԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայելու համար։  Ընդ որում, նիստերից անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորների աշխատավարձից պահումները հաշվարկվում են ամսական պաշտոնային դրույքաչափին համապատասխան: ՀՀ ԱԺ նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 18 է, այսինքն՝ ԱԺ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 14 է, աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Պատգամավորների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետեւաբար նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:

 

Սակայն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ, իսկ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694 հազար 470 դրամ: Այսինքն, նիստերից անհարգելի բացակայությունների դեպքում պահումների չափերը եւս տարբեր են՝ կապված պատգամավորի պաշտոնից՝ շարքային է, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղալալ եւ այդպես շարունակ: Շարքային պատգամավորի մեկ բացակայության համար պահվող գումարի չափը մոտ  32 հազարն է:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթն Ազգային ժողովի աշխատակազմից հարցման միջոցով ստացել է 2020 թվականի հունվարից մինչեւ հունիսի 1-ը տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական, արտահերթ, հատուկ նիստերից պատգամավորների բացակայությունների վերաբերյալ տեղեկանքները:

Նախ նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝  պատգամավորների բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ,

նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման,

նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում,

նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, եւ բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ:

Այսպիսով, Ազգային ժողովի նիստերից անհարգելի պատճառով ամենաշատը բացակայած պատգամավորներն են՝

Արամ Խաչատրյան՝ 8 բացակա («Իմ քայլը» խմբակցություն),

Մանե Թանդիլյան՝ 8 բացակա («Լուսավոր Հայաստան» խմբակցություն),

Սիփան Փաշինյան՝ 7 բացակա («Իմ քայլը» խմբակցություն)

Սոնա Ղազարյան՝ 7 բացակա («Իմ քայլը» խմբակցություն)

Էդուարդ Բաբայան՝ 6 բացակա («Բարգավաճ Հայաստան» խմնբակցություն)

Վարդան Ղուկասյան՝ 5 բացակա (ԲՀԿ)

Մերի Գալստյան՝ 5 բացակա («Իմ քայլը» խմբակցություն)

Հրանտ Մադաթյան՝ 5 բացակա (ԲՀԿ)

Լենա Նազարյան՝ 4 բացակա («Իմ քայլը» խմբակցություն

Բացակա ունեցող մյուս պատգամավորները նիստերից բացակայել են 4-ից պակաս անգամ. կան նաեւ պատգամավորներ, որոնք առհասարակ բացակայություն չեն ունեցել: Սակայն նկատենք, որ խորհրդարանում մեծ թիվ են կազմում նաեւ անհարգելի բացակայող պատգամավորները: Ընդ որում, նրանք ինչպես իշխող խմբակցությունից են, այդպես էլ ընդդիմադիր ուժերից:

Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՎԵԼԱՑԵԼ Է

Ի սկզբանե 2019-ին ՀՀ նախագահի աշխատակազմի կարիքների համար պետբյուջեից 1 միլիարդ 145 միլիոն դրամ էր հատկացվել: Այս մասին ՀՀ ԱԺ-ում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդ որում, ըստ նրա, տարվա ընթացքում ճշգրտումներ են կատարվել, եւ այդ գումարն ավելացել է 350 միլիոն դրամով: Բայց, ի վերջո, 2019-ին նախագահի աշխատակազմը 248 միլիոն դրամով ավելի քիչ գումար է ստացել, քան 2018-ին (15 տոկոսով պակաս): «Փաստացի 1 միլիարդ 452 միլիոն դրամ է օգտագործվել կամ՝ ճշգրտված ցուցանիշի 96 տոկոսը»,- նշել է նախարարը: 2019թ. ԱԺ-ի կարիքների համար պետբյուջեից շուրջ 5 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել: Տարվա ընթացքում այս ցուցանիշը նույնպես ճշգրտվել եւ ավելացել է՝ հասնելով 6 միլիարդ 231 միլիոն դրամի: Փաստացի իրացվել է 5 միլիարդ 821 միլիոն դրամ կամ ընդհանուր գումարի 93.4 տոկոսը: Ֆինանսների նախարարի խոսքով՝ ԱԺ-ին 29 տոկոսով ավել է գումար տրամադրվել, քան 2018թ.:

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ

Երեկ  Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը, Արթուր Թովմասյանի նախագահությամբ, գումարել է արտահերթ նստաշրջան: ԱՀ նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել ԱՀ գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը: ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի կենսագրական տվյալները եւ առաջարկել նրան ընտրել գլխավոր դատախազի պաշտոնում: Խորհրդարանն անցել է քվեարկության: Ներկայացնելով արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ եւ 3 դեմ հարաբերակցությամբ: Մհեր Աղաջանյանն ընտրվել է գլխավոր դատախազ:

 

 

ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հունիսի 24-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: Ըստ Ն. Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի՝ հունիսի 24-ին վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետի՝ Մոսկվա մեկնելու օրը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրավերով, Հաղթանակի օրվան նվիրված շքերթին կմասնակցի հանրապետության ԶՈՒ-ի 75 զինծառայողից բաղկացած զորասյունը:

 

 

ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Պաշտոնական թվերով՝ անգամ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված, մասնավորապես՝ բեռնափոխադրումների ոլորտում, աճ է արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդհանուր բեռնափոխադրումներն, անցած տարվա համեմատ, աճել են 2 տոկոսով: Բեռնափոխադրումների ծավալները երկու առանձին տրանսպորտի տեսակներով նվազել է: Այսպես՝ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազմել է 4.2 տոկոս: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը աճել է 0.8 տոկոսով, ներմուծումը նվազել է 13.2 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 0.8 տոկոսով: Օդային բեռնափոխադրումների ոլորտում եւս անկում է արձանագրվել 12.5 տոկոսով: Այս դեպքում նվազել է ե՛ւ ներկրումը՝ 19 տոկոսով, ե՛ւ արտահանումը՝ 8.6 տոկոսով: Դրա փոխարեն երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել 8.7 տոկոսով, որից բեռների արտահանումը աճել է 7.8 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 7.1 տոկոսով: Կտրուկ աճել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. աճը կազմել է 15 տոկոս:

 

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԹՎԵՐԸ

Հունիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին  տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ Կորոնավիրուսից առողջացել եւ հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2575 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1252 նմուշառման հետազոտություն։

 




Լրահոս