ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑ ԽԼԵԼ, «ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇԻՆ» ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 3 տարի, ինչ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձորի համայնքապետարանը համայնքի պահուստային հողերը գյուղացիներից վերցրել, վարձակալությամբ հանձնել է «ՀԻմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին, որը Լուսաձորում անասնապահական ֆերմա ունի։ Լուսաձոր համայնքի 43-ամյա բնակիչ Արմեն Եգանյանը հայտնեց, որ իրենք 1999 թվականից վարձակալությամբ մշակել են այդ հողերը, մուծել վարձակալության գումարները։ Ընտանեկան նպաստառու, անչափահաս 3 երեխաների հայր Արմենը հայտնեց, որ հողի սեփականաշնորհման ժամանակ՝ 1991թ., իրենց ընտանիքին ընդամենը 1200 քառակուսի մետր հող է սեփականաշնորհվել, որն այժմ 5 հոգու՝ իր , 2 եղբայրերի, հոր, խորթ մոր ընդհանուր սեփականություն է, ինքը այդ 1200 մետր հողը մշակում է հերթով՝ 3 տարին մեկ։ Սակավահողության պատճառով, սկսած 1999 թվականից, Ա. Եգանյանին հատկացվել է 5000 քառակուսի մետր ոռոգելի տարածք, որից 1000 մետրը գյուղապետ Վարդան Սարդարյանը հետո մեկ  այլ  լուսաձորցու է հատկացրել։

 

Արմեն Եգանյանը հայտնեց, որ 2017թ.  նոյեմբերին Տավուշի մարզպետարանից ստացել են հողերը «ՀիմնաՏավուշին»  հատկացնելու վերաբերյալ  իրենց բողոքի պատասխանը, ուր հայտնվում է, որ մարզպետարանը կզբաղվի խնդրով։ Ա. Եգանյանը հայտնեց, որ սկզբում հողերը հիմնադրամին հատկացնելու դեմ բողոքում էին գյուղի 13 ընտանիքներ, որոնց մի մասին «ՀիմնաՏավուշը», արեւային մարտկոցներ նվիրելով, լռեցրել է։ Ա. Եգանյանի խոսքերով՝  այդ մարտկոցները բաժանելիս համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը կողմնապահություն է արել՝ դրանք առաջին հերթին  տալով իր արյունակից բարեկամներին։ 2019թ. «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչներն այցելել են  Արմեն Եգանյանի տուն, խոստացել նրա ընտանիքին օգնել, արեւային մարտկոց տրամադրել, սակայն խաբել են։ Լուսաձորի ավագանու անդամները գյուղացիներին խաբել են՝ ասելով, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին  համայնքի պահուստային հողերը տրվում են մեկ տարով, սակայն իրականում արդեն 3 տարի այդ հողերը հիմնադրամն է տնօրինում։

Ա. Եգանյանը պատմեց, որ 2017թ. աշնանը հիմնադրամն այդ հողերը վարել է, հացահատիկ ցանել, 2018-ի գարնանն էլ  առվույտ եւ կորնգան ցանել, սակայն հողերի վարձակալության պայմանագիրը կնքվել է 2018թ. ամռանը, տեղի է ունեցել օրենքի խախտում։ Ա. Եգանյանը համայնքի ղեկավարին հարցրել է, թե ինչու հողերի վարձակալական մրցույթների մասին գյուղացիները տեղյակ չեն, Վ. Սարդարյանը հայտարարել է, որ այդ մրցույթների վերաբերյալ հայտարարություները տպվել են «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթում։ Ա. Եգանյանը հայտնեց, որ ինքն այս տարի հնձել է իր կողմից 17 տարի օգտագործված հողամասը, «ՀիմնաՏավուշը» դիմել է ոստիկանություն։ Ա.  Եգանյանը ոստիկանության Իջեւանի բաժնում հայտարարել է, որ ցանկանում է  ապօրինաբար, կեղծ մրցույթով «ՀԻմնաՏավուշին» հողերը հանձնելու վերաբերյալ հայտարարություն  տալ, սակայն բաժնի աշխատակիցները նրա հայտարարությունը չեն ընդունել՝ ասելով, որ նա կարող է դիմել դատարան։ Ա. Եգանյանը հայտնեց, որ այժմ  Լուսաձորի  6 ընտանիքներ բողոքում են հողերը «ՀԻմնաՏավուշը»  հանձնելու դեմ։ Ա. Եգանյանը սրտի ցավով ասաց, որ ինքը մշակելու հող չունի, իսկ «ՀԻմնաՏավուշը» նշված հողերը  որպես արոտավայր է օգտագործում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

5 ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎՍ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է եւս 5 քաղաքացու մոտ: Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, ով ժամանելուն պես մեկուսացվել էր:

Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից բաց է թողնվել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:

Հիվանդությունը հաղթարել է եւս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում:

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Հայաստանում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը լուրջ է, սակայն դեռեւս չի նախատեսվում օգտագործել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մահճակալային ֆոնդը։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝  օգտագործելու անհրաժեշտություն դեռեւս չկա, քանի որ բավականին ծավալումներ կան, մի շարք բուժհաստատություններ եւս միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին։

Կարելի է ասել՝ վարակվածներին այնտեղ կտեղափոխեն այն դեպքում, եթե հիվանդանոցային մահճակալային ֆոնդն ամբողջությամբ սպառվի։ Նշենք, որ մի քանի օրից կորոնավիրուսով հիվանդների կընդունեն Սպիտակի, Վեդու, Մարտունու եւ Դիլիջանի բժշկական կենտրոնները։ Նաեւ քննարկվել են «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու եւ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման հարցերը։

Նշենք նաեւ, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտնել էր, թե կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացի սպասում է հոսպիտալացման ենթարկվելու իր հերթին, նույնիսկ քաղաքացի է մահացել վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։ Այն հարցին, թե ինչու այդ 200 քաղաքացիներին չեն տեղափոխել Համալիր, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ նրանք կարիք են ունեցել հիվանդանոցում հոսպիտալացվելու:




Լրահոս