Ծառուկյանի փեսան և կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան պետությանը պատճառել են շուրջ 295 մլն ՀՀ դրամի գույքային վնաս. ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար
ապացույցների համակցություն առ այն, որ 2014թ.-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 295.470.000 ՀՀ դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը, և այն ձևական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712.400 ՀՀ դրամով:

Ըստ մեղադրանքի` հիշյալ հողատարածքը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է Աբովյան համայնքին` որպես
բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածք, որի 1 հեկտարի կադաստրային արժեքը 2014 թվականին կազմել է 29.400.000 ՀՀ դրամ: Այդ ժամանակահատվածում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանումը ղեկավարած Դերենիկ Գևորգյանը տվյալ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումի և հողամասի նպատակային նշանակության փոփոխության համապատասխան ընթացակարգերի, ինչպես նաև դրական եզրակացության բացակայության պայմաններում հանձնարարել է կադաստրային քարտեզում վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակությունից փոխել գյուղատնտեսականի: Այսինքն` Դերենիկշ Գևորգյանը կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից:

Այնուհետև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի առաջարկով Աբովյանի քաղաքային համայնքի կողմից որոշում է կայացվել վերը նշված հողատարածքը աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 67.500 ՀՀ դրամով` 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն: Աճուրդի կայացման համար անհրաժեշտ մեկից ավելի մասնակիցների մասնակցությունն ապահովելու նպատակով ձևակերպվել է երկրորդ մասնակցի տվյալներով աճուրդի կեղծ հայտ և կատարվել մասնակցության համար ձևական վճարումներ: Դրանից հետո Կարապետ Գուլոյանը, իր համար նախընտրելի մասնակցին աճուրդում հաղթող ճանաչելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական լիազորություններն օգտագործելով համայնքի շահերին հակառակ, երկրորդ մասնակցի անվամբ աճուրդի կեղծ հայտ ձևակերպելու, սակայն աճուրդին փաստացի մեկ մասնակցի մասնակցության պայմաններում աճուրդը համարել է կայացած, որի վերաբերյալ հաստատել է համապատասխան արձանագրություն: Այդ հիմքով 2014 թվականի հուլիսի 21-ին 295.470.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վերը նշված հողատարածքն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարվել է, փաստորեն, ձևական աճուրդում հաղթող ճանաչված
ընկերությանը:

Նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և Աբովյան համայնքի օրինական շահերին,այդ թվում` անհարկի միջամտությամբ ձևափոխվել է Աբովյան համայնքի հողերի օգտագործման սխեման և հողային հաշվեկշիռը, իսկ հողի նպատակային նշանակությունն անհիմն փոփոխելու պատճառով իրականում բարձր արժեք ունեցող հողատարածքը փաստացի մեկ մասնակից ունեցող ձևական աճուրդի միջոցով օտարվել է որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դերենիկ Գևորգյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ
մասով: Կարապետ Գուլոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հանցագործությամբ պատճառված 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնասը մեղադրյալներ Դերենիկ Գևորգյանի և
Կարապետ Գուլոյանի կողմից 16.06.2020թ.-ին ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության
դեպոզիտային հաշվին:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս