ՄԻՊ-ի տեղեկացմամբ Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր վաղ առավոտից Ոստիկանության բաժիններ մեկնած արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունեցել 112 անձանց հետ Երևանում և մարզերում։ Աշխատակազմում առանձին դիտարկվել են նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումները։ Ոստիկանության բաժիններ այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն, և արձանագրված բոլոր հարցերը լուծումների առաջարկների հետ միասին ամբողջական տեսքով կներկայացվեն Ոստիկանություն»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։