Ինչ կվճռի դատարանը Ծառուկյանի մասով. անխուսափելի որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ ԱԺ-ն 87 կողմ, 0 դեմ ձայներով թուլատրեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից եւ ազատությունից՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։ Անձեռմխելիությունից զրկելուց եւ կալանավորման թույտվություն տալուց հետո ԱԱԾ-ն Ծառուկյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ընդունում մեղադրանքը եւ պնդում է, որ այն շինծու, սարքված գործ է:

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին, բավականին կոշտ դիրքորոշում հայտնեց։ Վարչապետը ներկայացրեց վերջին երկու տարիների Գագիկ Ծառուկյանին վերաբերող իրադարձությունների ժամանակագրությունը: «2018թ.-ի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել հիմա ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով: Հուլիսի 6-ին Էդուարդ Բաբայանը կալանավորվել է, գործն ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական վճիռ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն հարուցվել է 2019թ-ի հունվարի 29-ին Աբովյանում տեղի ունեցած հայտնի սպանության փաստով: «Հունվարի 29-ին Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա՝ փաստացի կասկածի շուրջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ծառուկյաններին պատկանող առանձնատներում կատարված խուզարկություններին, դրանց ցուցադրումներին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հունիսի 14-ի խուզարկությունն առաջինը չէր: Մինչ այդ՝ 2019թ-ին, խուզարկություն է կատարվել նաև Նվեր Ծառուկյանին պատկանող` Ծաղկաձորի առանձնատանը: Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2019թ.-ի դեկտեմբերի 28-ին` պետությանը հասցված վնասի՝ պետությանը պատկանող հողերը «ծիծաղելի գներով» վաճառելու փաստով: «Խոսքը 290 մլն դրամանոց հողը 700 հազար դրամով վաճառելու մասին է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատճառված վնասը հատուցվել է, ինչը նշանակում է, որ Գուլոյանը մեղքն ընդունել է: Ծառուկյանի փեսան ապօրինի աճուրդով օտարել է 10,05 հա հողատարածք. առաջադրվել է մեղադրանք:

«Մուլտի Գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու առաջին միջնորդությունը, ըստ վարչապետի թվարկած ժամանակագրության, ներկայացվել է 2019 թ-ի ապրիլին: Իսկ 2019թ-ի սեպտեմբերին նա կալանավորվել է արդեն ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով: Փաշինյանը հիշեցրեց նաև, որ նախկինում բազմիցս ասել է, որ կոռուպցիոն գործերով ՀՀ քննչական մարմինները էֆեկտիվ չեն գործում, ու վերջին պաշտոնանկությունների հարցում դեր է ունեցել նաև այդ գործոնը:

«Առավոտը ժամը 7-ին քննիչները գնում էին խուզարկության, տեսնում էին տանտիկինը մակիաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց: Իշխանությունը նախկինում այս քրեական գործերը օգտագործել է, որպեսզի այս քաղաքական ուժերին պահի կոնտրոլի տակ, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել: Իսկ մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի: Մեզ պետք չէ քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն կամ խոսելու ձևն ընտրեն: Մենք իրենց խոսելու ձևը կսովորեցնենք: Իրենք այստեղ չեն էլ խոսի, որովհետև ժողովուրդն իրենց այստեղից վռնդելու է ընդհանրապես» ,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի քրեական գործերին, վարչապետը հայտարարեց, որ քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որով բացահայտվելու է «ժողովրդի կամքի վրա բռնանալու ինստիտուտը»:

Եվ ահա, արձանագրելով ծավալվող իրադարձությունները եւ կարդալով ՀՀ վարչապետի այսօրվա ելույթի տողատակերը, ենթադրվում է, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի կալանավորումը։ Ասել է, թե Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի։




Լրահոս