Հայտարարություններ՝ «աչքաչափով»․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վերլուծությունը ցույց է տալիս, որ «ամենամեծ վարակի օջախը բակերն են, բեսեդկաները եւ հարեւանությունը»: Այս հայտարարությանը ոչ միայն չհավատալու որեւէ հիմք չկա, այլեւ չափազանց տրամաբանական է, եթե հաշվի առնենք իրականում մեր բակերում եւ «բեսեդկաներում» տիրող վիճակը այս առումով:

Սակայն այստեղ առկա է մի կարեւոր հանգամանք: Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առեւտուր եւ այլն):

Նախարարությունից պատասխանել էին, որ «ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային եւ տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ»: Այս պատասխանը հրապարակել էինք հունիսի 9-ին:

Իհարկե, ինքնին տարօրինակ է, որ նման վերլուծություն չի արվում, քանզի դա կարող էր էապես օգնել հակահամաճարակային գործողությունների պլանավորմանը: Մյուս կողմից՝ վարչապետը խոսում է կոնկրետ վարակվածության ոլորտի մասին, ինչից պետք է ենթադրել, որ նման վերլուծություն, այնուամենայնիվ, արվում է: Հակառակ դեպքում կստացվի, որ նման հայտարարություններն արվում են «աչքաչափով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս