ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ը Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 3-րդ միջոցառման հայտերի ընդունման վերջնաժամկետն է:

 

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող տնտեսավարողներին տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառման մասնակցության հայտերի ընդունման ժամկետը մոտենում է ավարտին:  Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, սույն միջոցառմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներին կորոնավիրուսի տարածման հետեւանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով:

Միջոցառումից կարող են օգտվել բարվոք վարկային եւ հարկային պատմություն ունեցող այն ռեզիդենտ տնտեսավարողները (օժանդակության ձեւը` վարկերի տրամադրում` շրաջանառության չափից կախված առավելագույնը 50մլն ՀՀ դրամ), որոնք գործունեություն են ծավալում հետեւյալ ոլորտներում`

մշակող արդյունաբերություն,

կացության եւ հանրային սննդի կազմակերպում,

փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն,

զբոսաշրջային ծառայություններ,

սպասարկման այլ ծառայություններ,

առողջապահություն,

նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),

սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),

զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման եւ ինտերնետ ակումբների գործունեության),

շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:

Մասնակցության հիմնական պայմաններն են`

2019թ. շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ, առավելագույնը՝ 500 մլն դրամ, 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը,

վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%, ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր եւ ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ. ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն (վերջինիս դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով):

Տեղեկացնում ենք նաեւ, որ մինչ օրս կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումից օգտվելու համար տնտեսավարողներից ստացվել է  1684 հայտ, պահանջված ընդհանուր գումարի չափը` 17,085.20, չափանիշներին բավարարող հայտերը (ներառյալ դեռեւս ամբողջությամբ չհաստատված եւ հրաժարված հայտերը)` 859-ը, ընդհանուր գումարը` 9,480.00մլն դրամ: Հունիսի 11-ի դրությամբ կնքվել է 637 պայմանագիր` 7,355.90 մլն դրամի չափով:

Չափանիշներին համապատասխանող հայտերն ըստ ոլորտների եւ ըստ գումարի`

մշակող արդյունաբերություն` 320 հայտ, գումարը` 3,750.20 մլն դրամ,

կացության եւ հանրային սննդի կազմակերպում` 221 հայտ, գումարը` 2,188.20 մլն դրամ,

փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն` 70 հայտ, գումարը` 714.50 մլն դրամ,

զբոսաշրջային ծառայություններ` 44 հայտ, գումարը` 493.60 մլն դրամ,

սպասարկման այլ ծառայություններ` 46 հայտ, գումարը` 287.10 մլն դրամ,

առողջապահություն` 41 հայտ, գումարը` 461.60մլն դրամ,

նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)՝ 6 հայտ, գումարը` 46.60 մլն դրամ,

սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)` 5 հայտ, գումարը` 61.60 մլն դրամ,

զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի` 2 հայտ, գումարը` 30.40 մլն դրամ,

շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն` 69 հայտ, գումարը` 1,158.30 մլն դրամ:

Ն.Պ.

 

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՐ ԴԵՂ ԵՆ ԳՏԵԼ           

Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու գործում, հնարավոր է, ճեղքում արձանագրվի, եւ խոսքը շատ էժան, ընդամենը հինգ ֆունտ արժողությամբ դեքսամետազոնի մասին է։ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվածների մահվան ռիսկերը։

 

Ակնկալվում է, որ մոտ ապագայում դեքսամետազոնը, որպես ստանդարտ դեղամիջոց, հիվանդանոցներում կօգտագործվի COVID-19-ով վարակված հիվանդներին բուժելու նպատակով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւս հայտարարել է գիտական առաջընթացի մասին՝ նշելով, որ դեքսամետազոնը 35 տոկոսով նվազեցնում է օդափոխության սարքերին միացված հիվանդների մահացության ռիսկը, իսկ թթվածին ստացող հիվանդների դեպքում մահվան ռիսկերը նվազեցնում են 20 տոկոսով։ Եվ դա արժի ընդամենը հինգ ֆունտ։ Վեց հազար մարդու վրա իրականացված փորձակումները ցույց են տվել, որ դեքսամետազոնի օգտագործումը 33 տոկոսով նվազեցրել է արհեստական շնչառության սարքերին միացված հիվանդների մահացությունը։

Քանի դեռ վարակվելու ռիսկերը մեծ են մնում վիրուսի տարածումը կանխելու, զսպելու համար, աշխարհի բոլոր երկրներում առողջապահական մարմինները նույն խորհուրդն են տալիս` դիմակներ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, բազմամարդ հավաքներ չանցկացնել, հաճախ լվացվել ու ախտահանել ձեռքերը: Նովո Օգարեւոյում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում անգամ ախտահանիչ թունել է տեղադրվել։ Յուրաքանչյուր ոք, ով գալիս է Պուտինի հետ հանդիպման, անցնում է ախտահանիչ թունելով, ախտահանվում, որ հանկարծ վիրուս ներս չբերի։ Հավելենք, որ ախտահանիչ թունելը ռուսական ընկերություն է ստեղծել, որը գրանցված է Պենզայում։

Չնայած Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը, նախորդ ամվա համեմատ, նվազել են, այնուամենայնիվ թվերը բարձր են մնում։ Նախկինում օրական արձանագրվող դեպքերը 10 հազարից ավելին էին, իսկ վերջին շրջանում օրական հաստատվում է 8 հազարից ավելի նոր դեպք։ Չնայած բարձր թվերին՝ կարանտինային սահմանափակումները Ռուսաստանում զգալիորեն թուլացվել են։ Այստեղ եւս մտածում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին պատվաստանյութը կփորձարկվի մարդկանց վրա։ Փորձարկումն անցկացնելու են զինվորականներն ու համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ուսումնասիրությունների ազգային կենտրոնը։ Փորձարկումների համար ընտրվել են քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ զինվորականներ, որոնք ծառայում են ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներում։

Երեկ առավոտվա տվյալներով` աշխարհում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 200 հազարը, ավելի քան 446 հազարը մահացել են, 4 միլիոն 300 հազարից ավելին՝ բուժվել։

Ն.Հ.

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ  ԾՐԱԳՐԵՐ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշի մարզի տարածաշրջաններում  ներկայումս իրականացվում  են ճանապարհաշինական ծրագրեր։ Նախկինում  մասնակից չլինելու պատճառով  չէր կայացել միջպետական ավտոճանապարհից  Բերդավան գյուղ  2,1 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման մրցույթը։ Այդ  մրցույթը  կայացել  է, «Վառմաշ» ՍՊԸ-ն 249 միլիոն դրամ առաջարկով այդ ճանապարհի հիմնանորոգման մրցույթը շահել է։  Առաջիկա օրերին նշված  ընկերությունը  Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան  գյուղի  ճանապարհի  հիմնանորոգման ծրագիրը կսկսի, եւ օգոստոսի երկրորդ կեսին բերդավանցիները կօգտվեն հիմնանորոգված  ճանապարհից։  Ներկայումս  ընթանում  է  Դիլիջան քաղաքի 4 փողոցների նորոգումը, ավարտվել է  միջպետական ավտոճանապարհից Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղ  տանող  1,4 կմ  երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգումը, այժմ ընթանում են Աչաջուր գյուղից Մակարավանք տանող ճանապարհի, միջպետական ավտոճանապարհից սահմանամերձ ԲԵրքաբեր, Նորաշեն-Մովսես, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար գյուղ  տանող ավտոճանապարհների կառուցապատումը։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բարեկամավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ, ամենահեռավոր գյուղն է։ Գյուղը շրջապատված է Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերով։ Բարեկամավանի վարելահողերը, խոտհարքերը եւ արոտավայրերը գտնվում են ադրբեջանական գնդակոծության գոտում, ականապատ են, այդ պատճառով բարեկամավանցիների կողմից չեն օգտագործվում։ Արտագաղթի հետեւանքով փոքրաթիվ բնակչություն  ունեցող Բարեկամավանի համար անասնապահությամբ զբաղվելու միջոց են  Նոյեմբերյանի սարերում՝ Կոպալի գեղատեղում  եւ Շլորկուտում գտնվող  խոտհարքերը եւ արոտավայրերը։ Բարեկամավանցիների նախնիները մշտապես օգտագործել են այդ տարածքները։ 2010թ. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի՝ պետական նշանակության հողատարածքները հանձնվել են կից համայնքներին, կատարվել են միջհամայնքային վերաբաշխումներ, այդկերպ Շլորկուտ եւ Կոպալի  գյուղատեղ  սարամասերը  հանձնվել  են Նոեյմբերյան համայնքի մաս կազմող  Ջուջեւան գյուղին  եւ Կողբ համայնքին։ Հարկ  է  նշել, որ չնայած առկա խնդիրներին՝ նախորդ տարիներին բարեկամավանցիները օգտագործել են այդ սարամասերի տարածքները։ Բարեկամավանը  2016թ. սեպտեմբերից մաս  է կազմում խոշորացված  Նոյեմբերյան համայնքի: Նոյեմբերյանի համայնքապետարանը հետամուտ է խնդրի լուծմանը։ Հանդիպում-քննարկումներ են կայացել  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, մարզպետը մի քանի օր առաջ  «Հայաստանի  Հանրապետության  վարչատարածքային բաժանման մասին»  օրենքում փոփոխություններ անելու առաջարկով գրավոր դիմել է  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս