«ՄԵՐ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ԷԼ ՊԱՐԵԼ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր տեսահոլովակ է պատրաստում երկրպագուների համար եւ մտադիր է մի քանի խելահեղ գաղափարներ կյանքի կոչել մինչեւ տարեվերջ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ստեղծագործական ծրագրերի մասին, խոսել նաեւ իր հասարակական գործունեությունից:

-Զարուհի՛, Դուք այն եզակի երգչուհիներից եք, ով իր երգացանկում չունի «դժբախտ» սիրո մասին երգեր, փոխարենը նախընտրում եք ներկայացնել ուրախ սիրային գործեր: Ձեր վերջին «Կյանքը սերն է մեր» երգը դրա վառ վկայությունն է: Գուցե պատճառն այն է, որ Ձեր անձնական կյանքո՞ւմ էլ ամեն բան հարթ է…
-Առհասարակ, յուրաքանչյուրի արվեստը նաեւ իր կյանքի արտացոլումն է, երգչի ներկայացրած ստեղծագործությունը պետք է շատ ներդաշնակ լինի իր հոգեվիճակի հետ, այդ դեպքում նա կարողանում է լիարժեք կերպով փոխանցել ունկնդրին այն, ինչ ուզում է: Իմ երգերում շատ սեր կա, բայց այդ սիրային պատմությունները տխուր ավարտ չեն ունենում: Սակայն, ի տարբերություն իմ մի շարք երգերի, այս վերջին ստեղծագործությունը սիրային բալլադ է: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն այժմ մոնտաժային փուլում է, հուսով եմ` մինչեւ հոկտեմբերի վերջ այն կհանձնվի հանդիսատեսի դատին:
-Նշել եք, որ ցանկանում եք «Կիլիկիա» երգի հիման վրա եւս տեսահոլովակ նկարահանել, դա, թերեւս, նվիրական երազանքի պես մի բան է, այո՞:
-Մեր էստրադային երգիչներից ես եղել եմ առաջինը, ով կատարել է այդ երգը, ուստի այո, բաղձալի երազանք է ունենալ այդ երգի տեսահոլովակը: Տարիներ շարունակ այդ գաղափարը եփվում է գլխումս, այս տարի, կարծես, այն հնարավոր կլինի իրականացնել, արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Մի քանի ուրիշ խելահեղ գաղափար էլ կա, որ մինչեւ տարեվերջ ուզում եմ իրականացնել:
-Մենք հիշում ենք, որ տարիներ առաջ հանդես էիք գալիս ջազային կատարումներով: Էլի այդ ժանրի գործեր հանդիսատեսին կմատուցե՞ք: Վերջին շրջանում կարծես քիչ եք ջազ երգում:
-Ես փորձում եմ չդավաճանել ինքս ինձ եւ պարբերաբար ակումբներում հանդես եմ գալիս ջազային կատարումներով: Սփյուռքում վերջին շրջագայություններիցս մեկի ժամանակ էլ 40 րոպե տեւած ելույթի ընթացքում զուտ ջազ եմ երգել, այնպես որ, նման խնդիր չկա: Պարզապես մեր քաղաքում բոլորս այնքան զբաղված ենք, որ դժվար է մի քանի ժանր համատեղելը: Կաշխատեմ շատացնել ջազային ելույթներս, որոնցից ինքս էլ մեծ բավականություն եմ ստանում:
-Արդեն երրորդ տարին է` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջարկով ստանձնել եք բարի կամքի դեսպանի առաքելությունը: Հետաքրքիր է` երգչուհի մայրիկն ինչպե՞ս է կարողանում հասցնել զբաղվել նաեւ հասարակական գործունեությամբ: Երբեւէ փորձե՞լ եք մեր հայ աստղերին համախմբել որեւէ բարեգործական ծրագրի շուրջ:
-Մենք արդեն նրանց մասնակցությամբ մի քանի մեծ միջոցառում արել ենք, չեմ հիշում, որ ես առաջարկեմ իրենց մասնակցությունը եւ մերժում ստանամ: Կարծում եմ` էստրադային արվեստի մեր ներկայացուցիչներն այդ առումով մեծ գործ են անում. նրանց 10 ելույթից 5-ը բարեգործական բնույթ է կրում: Ես շնորհակալ եմ կոլեգաներիս, որ ինձ չեն մերժում: Իսկ ինքս բնույթով հասարակական մարդ եմ, եւ չեմ կարող չլինել այդ կյանքի մի մասնիկը:
-Կան արտիստներ, որոնց անունները կապվում են քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ: Ձեր մասին էլ խոսում են, որ մտերիմ եք իշխանությունների հետ, մեր հիշողություններում թարմ է, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ Ձեր պարի պատկերը: Այդ լուսանկարը շատ քննարկվեց համացանցում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Ես երեւի թե այն երգիչներից եմ, ով մեր երեք նախագահների հետ ունի նման լուսանկարներ: Եթե դու արվեստի մարդ ես, բնականաբար, այդ մարդիկ քեզ ճանաչում են, դու էլ ես ճանաչում բոլորին, եւ, կարծում եմ, եթե դու իսկապես արժանի ես դրան, այդ հարգանքը նրանց կողմից դու էլ ես տեսնում, այնպես որ, այդ պիտակավորումն այդքան էլ ճիշտ չէ, ինձ պրիմիտիվ է թվում, բայց հարգանքը, կարծում եմ, թե՛ իմ, թե՛ նրանց կողմից կա:
-Այսինքն` Հայաստանի երեք նախագահների հետ էլ պարե՞լ եք:
-Այո՛, այո՛, այնպես չէ, որ միայն մեկի հետ եմ պարել: Մի անգամ նույնիսկ մեր նախագահներից մեկն ինձ ասաց` Զարուհի ջա՛ն, ես երեւի իմ կյանքում ամենաշատը քեզ հետ եմ պարել (ծիծաղում է): Այնպես որ, ինձ համար դա նորմալ երեւույթ է, երբ ես ունեմ լավ տրամադրություն, կարողանում եմ վարակել դիմացինին. նախագահներն էլ բացառություն չեն…

 

 

 

 
Ի՞ՆՉ Է ԽՆԴՐԵԼ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔՐԻՍ ԴԵ ԲՈՒՐԳԻՑ

Վերջին տասը տարիների ընթացքում երգիչ Արման Հովհաննիսյանը հաճախ է շրջագայում արտերկրում, հանդես գալիս եվրոպական եւ ամերիկյան հայտնի բեմերում: Նրա այցելությունների ընթացքում կայանում են նաեւ գործնական հանդիպումներ երաժիշտների, երգիչների հետ, որոնց թվում լինում են նաեւ աշխարհահռչակ դեմքեր: Վերջերս էլ Արմանը համաշխարհային աստղերից մեկի հետ հետաքրքիր հանդիպում է ունեցել:

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Nokia կինոթատրոնում տեղի է ունեցել իռլանդացի հայտնի երաժիշտ եւ կոմպոզիտոր Քրիս դե Բուրգի մենահամերգը, որին, որպես հատուկ հյուր, հրավիրված է եղել Արման Հովհաննիսյանը: Վերջինս հրավիրվել է հենց Քրիս դե Բուրգի ցանկությամբ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Արման Հովհաննիսյանի PR մենեջերը՝ Լուսինե Արշակյանը: Համերգի ընթացքում Քրիս դե Բուրգը եւ Արման Հովհաննիսյանը հանդես են եկել զուգերգով: Նրանք կատարել են համաշխարհային հիթ դարձած «Lady in red» երգը: PR մենեջերի փոխանցմամբ` դահլիճում հիմնականում եղել են օտարազգիներ:
«Արմանը իր հայ լինելու փաստը ընդգծելու եւ օտարազգի հանդիսատեսին հայերենին ծանոթացնելու նպատակով Քրիս դե Բուրգին խնդրել է, որ ինքը «Lady in red» երգից մի քառատող կատարի հայերենով: Այդպիսով` երգը հնչել է անգլերենով, իսկ դրա մեկ քառյակը Արմանի կողմից կատարվել է մեր մայրենի լեզվով: Օտարազգի հանդիսատեսը ջերմորեն է ընդունել այդ կատարումը: Արմանը շատ դրական էմոցիաներով է լցվել»,-պատմեց PR մենեջերը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջիկա մի քանի օրերին Արման Հովհաննիսյանը կվերադառնա Երեւան: Մեր այն հարցին, թե արդյոք կան նոր ստեղծագործություններ, որոնց վրա աշխատում է երգիչը, եւ երբ սպասենք նրա երեւանյան մենահամերգին, Լ. Արշակյանը պատասխանեց. «Արդեն կան նոր երգեր, որոնք առաջիկայում կմատուցվեն հանդիսատեսին, իսկ Հայաստանում նրա մենահամերգն անպայման նախատեսված է, սակայն այս պահի դրությամբ կդժվարանանք որեւէ ժամկետ նշել»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՊԼՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԽՈՍՏԱՑԱՎ
Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հոկտեմբերի 19-ի գիշերը ժամանել է Երեւան. նա նոյեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում հանդես կգա իր նոր՝ «Սառույցի թագավորները» շոու ծրագրով, որը ներառված է իր համաշխարհային շրջագայության ցանկում։ «Համոզված եմ, որ ձմեռային սպորտաձեւերը զարգացնելու համար պետք է հրապարակներ հիմնել, որ Հայաստանը նույնպես մարզիկներ ներկայացնի միջազգային հարթակներում: Դրա համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը: Ցավոք, դուք միայն մեկ հրապարակ ունեք, որտեղ կարելի է գեղասահքով զբաղվել տարվա մեջ մեկ ամիս ընդամենը: Նման պայմաններում անհնար է դպրոց ստեղծել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պլյուշչենկոն։ Նա հանդիսատեսին խոստացել է լավ շոու. «Ուզում եմ տեսնել ձեր էմոցիաները։ Ինձ թվում է՝ ձեզ դուր կգա»:

 

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Միջազգային հրատարակչական Springer («Շպրինգեր») ընկերությունը նպատակ ունի հայ գիտնականների հոդվածները տարածել իր 400 միլիոնից ավելի օգտատերերի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ընկերության Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածքում լիցենզիոն հարցերով մենեջեր Թաֆիր Աթան (Thafeer Atta): Այս կերպ հայ գիտնականները նաեւ անկախ գործելու հնարավորություն կստանան` ի տարբերություն նրանց, ովքեր ֆինանսավորում են ստանում կառավարությունից:
Հայաստանում ընկերությունը համագործակցում է Գիտության պետական կոմիտեի, Ազգային գրադարանի եւ «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում»-ի հետ: Հայ գործընկերների հետ Springer-ը Հայաստանում երկօրյա դասընթաց էր իրականացրել, որի նպատակն էր օգնել հայաստանյան գիտնականներին իրենց աշխատանքները պատշաճ կերպով հրատարակել անգլերենով:

 

ԿՐԿԻՆ ՄԻԱՍԻ՞Ն
Նախկին ամուսիններ, աշխարհահռչակ աստղեր Մադոննան եւ Շոն Պենը կրկին միասին են։ RadarOnline-ի փոխանցմամբ` նրանք միասին են եղել Մադոննայի «Rebel Hearts» շրջագայության ընթացքում։
Նշենք, որ այս տարվա հունիսին Շոն Պենն ու Շարլիզ Թերոնը բաժանվեցին` չեղյալ հայտարարելով իրենց նշանադրությունը: Սեպտեմբերին արդեն պապարացիները Պենին նկատեցին Նյու Յորքում՝ Մադոննայի շոուին։ Նշվում է անգամ, որ Վանկուվերում Մադոննան եւ Պենը գտնվել են նույն հյուրանոցում։ Սպասվում է, որ Պենը կուղեկցի Մադոննային նաեւ Լոս Անջելեսում կայանալիք համերգի ժամանակ։




Լրահոս