21-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է   

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը: Դիմումները պետք է ներկայացնել մինչեւ հուլիսի 10-ը ներառյալ:

 

21-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող),  միեւնույն ժամանակ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.

2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ եւ ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը,

2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ եւ ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. մարտ, ապրիլ եւ մայիս ամիսների աշխատողների թվաքանակը եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում՝

1) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու մինչեւ 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը,

2) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը,

3) 2020 թվականի մայիս ամսվա հաշվարկ է համարվելու մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետեւյալ եկամուտների հանրագումարը.

1)            աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ),

2)            քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ),

3)            այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ),

4)            հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ):

Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:

Կոմիտեն տեղեկացնում է, որ վերը նշված պայմաններին բավարարող եւ շահառու համարված հարկ վճարողները  2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:

Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչեւ 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)`  միանվագ դրամաշնորհ ստանալու համար:

Գումարները ժամանակին ստանալու նպատակով Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետեւյալին.

1) բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին,

2) դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ,

3) դիմումներն ուղարկելուց առաջ եւս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի)  ճշտությունը:

Ն.Պ.




Լրահոս