ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Այսօր կանդրադառնանք Ազգային ժողովի ղեկավար կազմին՝ ներկայացնելով, թե ինչ են հայտարարագրել Ազգային ժողովի նախագահը եւ երեք փոխնախագահները:
Այսպիսով, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2019-ի վերջին երկու բնակարանի համասեփականատեր է եղել, որոնցից մեկը գտնվում է Շենգավիթ, մյուսը՝ Աջափնյակ վարչական շրջաններում։ 2016 թվականին Միրզոյանը նվեր է ստացել KIA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը անցած տարեվերջին առկա չէր։ ԱԺ նախագահի բանկային հաշվին անցած տարեվերջին 10 միլիոն դրամ է եղել, իսկ կանխիկ 2 միլիոն 220 հազար դրամ է ունեցել։ Արարատ Միրզոյանը որպես աշխատավարձ 2 միլիոն 119 հազար դրամ ստացել է ՀՀ վարչապետի աշխատակազմից, 15 միլիոն 696 հազար դրամ՝ ԱԺ-ից։ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 2019 թվականի վերջին համասեփականատեր է եղել Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի։ Անցած հունիսին Աբաջյանը ձեռք է բերել KIA մակնիշի ավտոմեքենա՝ 6 միլիոն 200 հազար դրամով։ Բանկային հաշվին տարեվերջին ունեցել է 450 հազար դրամ, կանխիկ՝ 70 000 դրամ։ Գոհար Աբաջյանը աշխատում է ՎՕԼՕ ՍՊԸ-ում, որտեղից ստացել է 8 միլիոն 180 հազար դրամ աշխատավարձ, և 4 միլիոն 424 հազար դրամ Ինեկոբանկից՝ որպես վարկ:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականին առուվաճառքի առումով բավական ակտիվ են եղել։ Ալեն Սիմոնյանը 2019 թվականին 125 մլն դրամով վաճառել է Կենտրոնում գտնվող իր բնակարանը և 114 մլն դրամով գնել մեկ այլ բնակարան՝ կրկին Կենտրոն վարչական շրջանում։ Չնայած նա ավտոմեքենա չի գնել, սակայն ունի 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։ Դրա փոխարեն նրա կինն է ավտոմեքենա գնել։ Խոսքը 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենայի մասին է, որը նա գնել է 7 մլն դրամով։ Ալեն Սիմոնյանը բանկում ունեցել է 1 մլն 794 հազար դրամ, առձեռն՝ 9 մլն դրամ և 3400 դոլար։ Պատգամավորի եկամուտները գոյացել են 12 մլն դրամ՝ աշխատավարձից, 998 հազար դրամ՝ ՊԵԿ-ից, 25 մլն դրամ, որը պատգամավորը վերցրել է բանկից որպես վարկ։ Իսկ կինը բանկում ունեցել է 8 հազար դրամ, կանխիկ՝ 6 մլն դրամ և 19 հազար դոլար։ Նա ՄեդիաՆյուզ ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 մլն 560 հազար դրամ և 398 հազար դրամ որպես փոխառություն։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը իր բնկային հաշիվներին տարվա սկզբում ունեցել է 1 մլն դրամ, տարեվերջին՝ 3 մլն դրամ։ Կանխիկ գումար Նազարյանը չի հատրարագրել, իսկ որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում, ստացել է 12 մլն 437 հազար դրամ։
Իսկ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը որևէ անշարժ գույքի մասին տվյալ չի նշել: Ըստ հայտարարագրի, նա չունի նաև տրանսպորտային միջոց: Ըստ հայտարարագրի, Էնֆիաջյանը բանկում գումար չունի, իսկ որպես կանխիկ նշել է 9 մլն դրամ և 9500 դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է միայն պատգամավորական աշխատավարձը:
Մանրամասները՝ տեսանյութում