Կարկուտից վնասները համեմատաբար քիչ են․ Ախուրյանի համայնքի ղեկավարը կարկուտի հետեւանքով պատճառված վնասների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բոլոր համայնքները հավասարապես են տուժել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին մարզպետարանի համապատասխան հանձնաժողովների աշխատակիցների հետ միասին վնասի չափի գնահատման աշխատանքներ են իրականացվում համայնքներում։
«Կարկուտից վնասները համեմատաբար քիչ են, եթե վնասը 50 տոկոսից քիչ է, չենք էլ արձանագրում, քանի որ փոխհատուցման ենթական են միայն, երբ 50 տոկոսից ավել են լինում։ Շիրակի մարզի հացահատիկային բույսերին պետությունը ապահովագրություն է տվել, ով ապահովագրել է , կփոխհատուցվի, իսկ ով չէ, բնականաբար, չի փոխհատուցվի»,-նշեց նա։
Մեր զրուցակցի հավելմամբ՝ այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում, բայց եւ շեշտում է, որ կարկուտի հետեւանքով վնասները քիչ են։
Նշենք, որ երեկ հանրապետության մի շարք մարզերում եւ առանձին բնակավայրերում տեղացել էր ուժգին քամի եւ կարկուտ, ինչի հետեւանքով վնասվել են մի շարք համայնքների ցանքատարածություններ, պտղատու այգիներ։
Լիդա Եղիազարյան

 




Լրահոս