ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանեց դանակն ու ասեց՝ հեսա մեկիդ սպանելու եմ. «Ռոսիա» ռեստորանի կրակոցների հետքերով. ինչ է պատմում վկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այս միջադեպից։ Մասնավորապես, միջադեպի ականտես վկա Հասմիկ Գրիգորյանը, որի անուն ազգանունը հարգելի պատճառներով փոխված է, մանրամասներ է պատմել միջադեպից: Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ էին հնչել։

Ըստ մամուլի հրապարակումների, Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջև վիճաբանություն էր եղել , որի ընթացքում Արտյոմ Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Միհրան Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։

Իսկ ինչն է եղել երկու անձանց միջեւ վիճաբանության պատճառը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Միհրան Սիմոնյանը վերոնշյալ օրը մտել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» սննդի կետ , որպեսզի հաց ուտի, վերջինիցս պահանջել են դիմակ կրել, սակայն Սիմոնյանն ասել է, որ եկել է հաց ուտի, ապա ասել, որ հաց ուտի վերջացնի եւ դիմակը կկրի, ինչպե՞ս կարող է դիմակով հաց ուտել: Արդյունքում, Միհրան Սիմոնյանի եւ սննդի կետ աշխատակից Արտյոմ Աքուլյանի միջեւ վիճաբանություն է եղել դիմակի շուրջ, ինչի արդյունքում էլ հնչել է կրակոց, եւ Միհրան Սիմոնյանին տեղափոխել են հիվանդանոց: Ցավալի է, սակայն փաստ, որ անգամ դիմակի շուրջ առաջացած խոսակցությունն այն աստիճան է թեժանում, որ երիտասարդները գործի են դնում զենք եւ փորձում զենքի միջոցով միմյանց միջեւ առաջացած կոնֆլիկտը լուծել:

Այսպիսով, մեզ հետ զրույցում Հասմիկ Գրիգորյանը պատմեց, որ Միհրան Սիմոնյանը բավականին գինովցած մտել է ռեստորան: Ռեստորանի ղեկավարությունը նրան խնդրանքով է դիմել եւ ասել, որ  ռեստորանը փակ է, ուստի ներողություն են խնդրում, որ չեն կարող սպասարկել . «Այս ամենից հետո սկսվեց հայհոյանք, վերջին աստիճանի հայհոյանքներ ու մեկ էլ հանեց դանակը ու ասեց , որ հեսա մեկիդ սպանելու եմ, ահավոր գինովցած եմ: Ոչ մեկ չէր պատկերացնում, որ նման բան կլիներ: Արտյոմ Աքուլյանը նրան հանգստացնում էր, դանակով հարձակվեց Արտյոմի վրա ու անգամ Արտյոմի վզի շղթան է պոկում վզից, մի սարսափելի վիճակ: Այդ ժամանակ Արտյոմը տեսնելով, որ նա դանակով հարձակվում է մարդկանց վրա ու մարդիկ վախենում են: Արտյոմը մեքենայի միջից որսորդական հրացանը հանեց , որ կարողանար կառավարել իրավիճակը, Միհրանը հրեց Արտյոմին եւ այդ ժամանակ Արտյոմը ընկավ ու այդ հրոցի ժամանակ զենքը կրակոց արձակեց: Ձեզ վստահեցնում եմ՝ դա միտումնավոր չի արվել, եթե Արտյոմը այնտեղ չլիներ, այնտեղ հաստատ զոհեր էր լինելու: Ամեն ինչ սկսվել է Միհրանից: Միհրանն ասում էր՝ ես լավ տղա եմ, տենց մարդ չկա Երեւանում, որ ինձ տեղը չբերի: Ըստ վկայի, ինքը շատ լավ ճանաչում է Արտյոմ Աքուլյանին, որը ռեստորանի տիրոջ տղան է: Ավելին, ըստ վկայի, ռեստորանում շատ մարդիկ են եղել, որ տեսել են, թե ինչ է արել Միհրան Սիմոնյանն այդ օրը ռեստորանում, մարդիկ քարացած տեղներից չեն շարժվել»:

Արդյոք ճիշտ են վկայի խոսքերը, թե ոչ ,կպարզի տարվող քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս