ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր նախագիծ է մշակել եւ քննարմման ներկայացրել, որով պահանջում է փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում: Պարզվում է, որ ներկայումս կրկնակի ջրօգտագործողի համար կրկնակի ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի հաշվարկվում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է սահմանել բնօգտագործման վճարի տարբերակված դրույքաչափ ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու եւ կրկնակի ջրօգտագործում իրականացվելու պարագայում: Մասնավորապես կկիրառվի մակերեւութային, ստորերկրյա քաղցրահամ եւ թերմալ ջրերի օգտագործման, արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի 0.5 գործակից: Շրջակա միջավայրի նախարարությունում հույս ունեն, որ այս նախագծի ընդունումից հետո կբարձրանա ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, մասնավորապես, ջրային ռեսուրսների երկրորդային օգտագործման ծավալների ավելացման շնորհիվ էականորեն կկրճատվի մակերևութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից առաջնային ջրառը:
Ըստ նախարարության՝ սա իր հերթին կբերի Սեւանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության վերացմանը կամ էական կրճատմանը:
Ս.Հ.