Մեծ ցանկություն ունեի նման ֆորմատի հաղորդում ունենալ. Գրիգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, դերասան Գրիգ Գեւորգյանը երկար դադարից հետո կրկին վերադարձել է «Շանթ»-ի եթեր նոր շոուով` «Երեկոն Շանթում Գրիգի հետ» նախագծով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասանը խոսել է նախագծի գաղափարի, հաջողության հասնելու մասին:

-Գրի´գ, ինչպե՞ս ստեղծվեց «Երեկոն Շանթում Գրիգի հետ» հաղորդաշարի գաղափարը:

-Գաղափարը ստեղծվել է կոնկրետ իմ եւ «Շանթ» հեռուստաընկերության կողմից, քանի որ «Շանթ» հեռուստաընկերության եւ իմ կողմից կար ցանկություն միասին համագործակցությունը շարունակել արդեն առանձին նախագծով: Այդպես բանակցություններ սկսեցինք, ու շատ երկար չտեւեց, քանի որ շատ արագ եկանք երեկոյան ծրագրի վրա, եւ քանի որ «Շանթը» չուներ երեկոյան ֆորմատի հաղորդում, ես էլ ցանկություն ունեի նման ֆորմատի հաղորդում ունենալ: Այդպես շատ արագ որոշումը կայացվեց, որին հաջորդեց ամիսների շատ մանրակարկիտ աշխատանք, որպեսզի մշակենք շոուի ձեւը, ձեւաչափը, որ այն Հայաստանում եղած շոու-ծրագրերին չնմանվի:

Ես դեռ կարծիք չեմ լսել, որ մի նախագծի նմանացնեն, Հայաստանում հիմնականում կլասիկ ֆորմատի երեկոյան նախագծեր են եղել: Աթոռ- սեղան, կողքը` հյուր բազմոցի վրա, որը շատ հայտնի ֆորմատ է: Մենք քանի որ ուսումնասիրել ենք մեր դաշտը ու տեղյակ ենք, թե աշխարհում որքան բազմաթիվ ձեւերի երեկոյան նախագծեր կան, այս նախագիծը նրանով է տարբերվում, որ ինքը ոչ միայն հայկական իրականությունում չկա, այլ դրսից նման նախագծերում եւս շատ բաների չեք հանդիպի, որ հաղորդավարը հաղորդման վերջում շատ մեծ ստենդափ կունենա: Շատ քիչ դեպքերում է, երբ այդքան հյուրեր են լինում տաղավարում:

-Հաղորդման մասին ինչպիսի՞ արձագանքներ եք լսել:

-Արձագանքնեը շատ լավն են: Մարդկանց, ում մենք հանդիպում ենք, տպավորությունները եղել են շատ դրական: Մարդիկ գրում են , որ շատ լավ նախագիծ է, եւ նման ֆորմատի կարիքն իսկապես կար: Իհարկե, ես չեմ հանդիպել, բայց հավատում եմ, որ բացասական արձագանքներ էլ կլինեն, եւ ցանկացած բացասական քննադատություն, որն առողջ է, մենք ընդունում ենք, քանի որ այդ քննադատություններն իրականում օգնում են ինչ-որ մի բան ավելի շտկելու, ավելի լավացնելու: Այն բացասական կարծիքները, որոնք արվում են, որ զուտ լինի բացասական կարծիք, չար մտքով, այդ ամենին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում:

-Նախագծում պարային բեմադրությունները վստահված է Ձեր կնոջը` Սոնային, դժվա՞ր չէ միասին աշխատելը: Ինչպե՞ս է ստացվում Ձեր համագործակցությունը:

-Սոնայի հետ առաջին նախագիծը չէ, որ միասին ենք համագործակցում որպես ամուսիններ, իսկ գործնական առումով գործնական ենք: Այս նախագիծը լիներ, թե չլիներ, Սոնայի ցանկացած գործից ինչ-որ բան , որ նա ցանկանում է անել, ես տեղյակ եմ, զբաղվում եմ: Մենք միասին ենք որոշումներ կայացնում, ամեն ինչ միասին ենք անում: Նախագծի հետ կապված առաջարկը կոնկրետ եղել է «Շանթ»-ից, որ Սոնան եւ իր թիմը նույնպես ընդգրկվեն նախագծում, ընդունել ենք ու ինձ թվում է շատ ճիշտ որոշում է դա եղել: Այսօր Սոնայի գլխավորությամբ փորձում ենք պարային շոուներն ուրիշ մակարդակի վրա բարձրացնել հեռուստատեսությունում, փորձում ենք անել այնքան, ինչքան մեր հայկական իրականության մեջ ֆինանսները ներում են: Իհարկե, եթե այդ ամեն ինչը շատ լիներ, շատ ավելի լուրջ մտքեր կիրագործեինք, բայց փորձում ենք, ինչքան հնարավոր է, նոր, ավելի հետաքրքիր բան անել:

-Սոնայի պարային համարները, բավականին կրեատիվ են եւ կարծես Սոնան փորձում է որոշակի արմատացած կարծատիպեր կոտրել մեր իրականության մեջ: Ի՞նչ եք կարծում, որքանով է դա նրա մոտ հաջողվում:

-Հաջողվելն իհարկե մենք չպետք է գնահատենք, այլ պետք է գնահատեն հեռուստադիտողները: Կարծում եմ, այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ Սոնան, երբ տանն է, իսկ տանը նրան քիչ եմ հանդիպում, քանի որ նա անընդհատ նոր պրպտումների մեջ է, նայելու, գտնելու, դիտելու, տեղյակ լինելու մեջ է: Նա համաշխարհային շոուներից մինչեւ անգամ միջին մակարդակի շոուներից տեղյակ է, գիտի` ինչ է պետք, ինչն է նոր, ու փորձում ենք ինչ-որ բաներ հայկական իրականության մեջ անել: Իհարկե, Սոնայի ֆակտորը ավելացնելով երբեք մեզ մոտ չեք հանդիպի մի բան, որ, օրինակ, տեսած լինեք համաշխարհային դեմքի մոտ: Ոճային ցանկացած բան, որ մենք անում ենք, թրենդային է: Նա արդեն ունի իր ուրույն ոճը, եւ եթե չասենք էլ, որ Սոնան է, շատ շատերն արդեն կհասկանան նրա ձեռագիրը:

-Այս նախագծից բացի առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք:

-Առաջիկայում կլինեն նոր նախագծեր, եթե մենք մի քիչ ուրիշ իրականությունում ապրեինք, բայց այսօր շատ դժվար է: Ինչքան բարդություններ որ պլանավորել էինք, որ պետք է լիներ նախագծում, կարանտինային ռեժիմը քառապատկել է, այս պահի դրությամբ ամբողջությամբ կենտրոնացել ենք այս նախագծի վրա: Իսկ երբ արդեն ամեն ինչ վերջանա, նոր նախագծեր ենք կյանքի կոչելու: Չեմ ուզում չակերտներ բացել, խոսել այն նախագծերի մասին, որոնք դեռ հերթի մեջ սպասում են:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս