ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Մեր տեղեկություններով, այսօր շատ հանգիստ քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ վարչապետը շատ լավ տրամադրություն է ունեցել։ Մենք տեղեկացանք, որ ընդհանուր քննարկում է տեղի ունեցել այս պահին Հայաստանում առկա բոլոր գործընթացների շուրջ։
Ինչպես եւ սպասելի էր, նիստում քննարկվելիք առաջին թեման եղել է ԲՀԿ-ն եւ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Պատգամավորները վարչապետից հետաքրքրվել են՝ արդյոք վերջինս տեղյակ է՝ Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, թե ոչ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, թե նման տեղեկություն չունի։
Իսկ երբ խոսք է գնացել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, պատգամավորները հետաքրքրվել են՝ արդյոք իրավիճակը հանգուցալուծում կստանա, ինչին էլ ի պատասխան վարչապետը ընդգծել է, թե վատ բաներն արդեն անցյալում են եւ առաջիկայում ավելի լավ բաներ են լինելու։
Նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու դատարանի որոշմանը, որին ի պատասխան վարչապետը ընդգծել է, որ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս դատական համակարգի անկախությունը, իրենք բան չեն կարող անել, դատարաններն են որոշում։ Հանդիպման ժամանակ, մեր տեղեկություններով, անգամ հետաքրքրվել են Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքով եւ վերջինս եւս մեկ անգամ ընդգծել է, որ պատճառը Հայաստանում առկա կորոնավիրուսային իրավիճակն է։
Հավելենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա օրերը բավականին թեժ են լինելու եւ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւս նշեց, որ արտահերթ նստաշրջան կլինի։ ArmLur.am-ը տեղեկացավ՝ չի բացառվում այդ նիստը գումարվի հենց երեքշաբթի օրը եւ քննարկվի Սահմանադրական դատարանին վերաբերող նախագիծը։ Ամեն դեպքում վարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այս դեպքում էլ պետք է միասնական լինել, թիմային աշխատել եւ հանգիստ անցկացնել քննարկումները։ Ընդհանուր առմամբ, այսօրվա հանդիպումն անցել է հանգիստ և կառուցողական մթնոլորտում։
Սոնա Գրիգորյան