SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։
Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։
Պարզվել է, որ նոյն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տիչինայի փողոցի թիվ 81 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Ստեփանյանի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ, ըստ Հ. Ստեփանյանի հայտարարության, այդ անձինք ձեռքերով և մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև իր վարած Toyօta Camry մակնիշի 65 GM 999 համարանիշի ավտոմեքենային։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ ընթացքում իր հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, ինչպես նաև դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները դեպքի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են վիճաբանության մասնակիցներից մի քանիսի ինքնությունը։
Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Գոռ Բ-ն, 32-ամյա Աբգար Պ-ն, 31-ամյա Վահե Ն-ն և 33-ամյա Արտաշես Գ-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մի քանիսը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ «բիտա», 1 հատ փայտե մահակ, որը հետաքննիչն առգրավել է։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասատվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ստեփանյանը հանրությանը ներկայացում է, որ ինքը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամն է։