Իշխանափոխությունից հետո ինձ ճնշում են և այժմ էլ անհիմն մեղադրանք են առաջադրել. Քասախի համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կապված է իր քաղաքական հայացքների և «Հայաստանի հանրապետական» կուսակցությանն անդամակցելու հետ:

«Անգործության համար համայնքի ավագանու վեց անդամի լիազորություններ եմ դադարեցրել դեռևս հոկտեմբեր ամսին, այդ 6 անդամներն էլ ՔՊ-ականներ են, և նրանք շինծու դիմում-բողոքներ են ներկայացնում, նաև ունեն մարզպետարանի օգնությունն ու ՔՊ-ական իրենց խմբի աջակցությունը»,-ասաց Մկրտչյանը:

Նա վստահեցրեց, թե արդեն մեկուկես տարի է, ինչ որոշ ճնշումներ է նկատում, և իր բոլոր որոշումները բողոքարկվում են:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:

Նշված դեպքի առթիվ 2020թ. հունիսի 18-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հատկանիշներով, որի նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993թ. Քասախ համայնքի Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում կառուցել է շինություն, որի դիմացի հատվածում 17քմ. եղել է ապօրինի, որը վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչուհու:

Դիտարկմանը, թե նշվում է, որ տարածքի շինարարությունը շարունակելու եւ ավարտին հասցնելու համար բանավոր համաձայնություն եք տվել, նա պատասխանեց. «Համայնքի ղեկավարի բանավոր համաձայնություն ասվածը ես չեմ հասկանում, համայնքի ղեկավարը շինարարության թույլատվությւոն է տրամադրում գրավոր, այն էլ որոշ փաստաթղթերի հիման վրա»:

Սոնա Գևորգյան




Լրահոս