ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր ուժերը չեն կարողանում հուշագիր ստորագրել. գործընթացը կասեցվել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմադիր դաշտում խոստացված կոնսոլիդացիան այդպես էլ չի կայանում: Միասնական ճակատով հեղափոխական իշխանության դեմ պայքարի չեն գնա ԲՀԿ-ն, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին հայտարարվեց, թե շուտով հուշագիր կստորագրվի ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու եւ միասնական պայքարի համար: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ուժերի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են նախորդ շաբաթվա վերջին ու չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն պնդել է, թե անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ ուժեր միանան իրենց ճակատին, որպեսզի ազդեցիկ միավորում լինի, ու դա լինի Գագիկ Ծառուկյանի շուրջ: Մյուս կուսակցությունները, որոնց մեծ մասը մարդ-կուսակցություններ են, չեն համաձայնել` ասելով, թե պետք չէ «մանր-մունր» կուսակցություններին ներգրավել այդ գործընթացին: Ու այդպես հուշագիր ստորագրելու գրծընթացը կասեցվել է կամ չեղարկվել ընդհանրապես:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերը նշված ուժերն այնուամենայնվիվ մի հարցի շուրջ համաձայնության եկել են, այն է` հին դեմքերը, Հանրապետական կուսակցության որեւէ ներկայացուցիչ չպետք է երեւա ընդդիմության գործողություններում եւ չպետք է խառնվի նոր ընդդիմության գործերին, այսինքն՝ այս ուժերը կարողացել են դեռեւս համաձայնության հասնել միայն այս հարցում: Այնուամենայնիվ, կոնկրետ ի՞նչն է խանրագարում միավորմանը. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ քննարկումները շարունակվում են: «Մեր քննարկումները քաղաքական ուժերի հետ այսօր էլ ընթացքի մեջ են, եւ որեւէ բան չպետք է արվի ինքնանպատակ, պահի ազդեցության տակ: Ոչ մի բան հնարավոր չէ մեկ ժամում նախանշել», – նշեց Տոնոյանը: Իսկ, ահա, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Հանդիպումներ եղել են ինչպես հունիսի 20-ին, այնպես էլ դրանից առաջ։ Ընթանում է բնականոն աշխատանքային գործընթաց, եւ քննարկումների ավարտին մեր ժողովրդին կներկայացնենք համագործակցության ձեւաչափի եւ առաջիկա ռազմավարության մասին»: Իսկ ի՞նչ խնդիրներ կան «Մեկ Հայաստան» կուսակցության մասով, որի լիդերը հայտարարել էր, թե հուշագիր ոչ մի դեպքում չի ստորագրելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ղազինյանը դժգոհել է, թե իրեն անտեսում են եւ չեն տեղեկացնում պայմանավորվածությունների մասին, նա շատ բան իմանում է լրատվամիջոցներից: Հավելենք, որ երեկ ողջ օրը խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ համապատասխան թվով ստորագրություններ հավաքել` ՍԴ դիմելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս