ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն անընդունելի է համարում, որ Քոչարյանի դիմումի հետ կապված քաղաքական շահարկումներ են տեղի ունենում: Նա տեղի ունեցողը որակում է որպես ցավալի ու աբսուրդ գործընթաց:
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանից հետ են վերցրել իրենց դիմումը, որը պետք է քննարկվեր հուլիսի 7-ին եւ այս քայլը մեկնաբանել են ասելով, որ այս կերպ որեւէ բան չի խանգարի ընդդիմադիր ուժերին դիմել ՍԴ եւ վիճարկել սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը:
Բանն այն է, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե դիմումը կներկայացնեն եւ կմիանան ԲՀԿ-ին միայն հուլիսի 7-ից հետո, որպեսզի ՍԴ-ում հարցի քննարկումն ավարտված լիներ եւ այս գործընթացը չկապեին Քոչարյանի հետ: Սակայն Մարուքյանը նշել է, որ պաշտպանների կողմից դիմումի հետ վերցնելն ոչ մի կեպ չունի, քանի որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ևս դիմել էր Սահմանադրական դատարան այս նույն հարցով և գործը քննվում է:
«Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը Ռոբերտ Քոչարյանի գործը չէ, դա չորս ամբաստանյալների մասնակցությամբ քննվող քրեական գործի վերաբերյալ դիմում է: Եթե Էդմոն Մարուքյանն ասում է «Քոչարյանի դիմումի հիման վրա գործ », «Քոչարյանի գործ», ապա նա ակնկալում է, որ դատավորի կողմից ներկայացված դիմումի հետ կապված գործողություն կարո՞ղ ենք կատարել»,-այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վարդևանյանը:
Նա շեշտեց, որ Քոչարյանի փաստաբանական խումբը որևէ առնչություն չունի և չի էլ կարող ունենալ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումի հետ:
«Որպես Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, ես ներկայացրել եմ երկու դիմում, երկուսն էլ էապես տարբերվում են Դավիթ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումից, թե՛ բովանդակությամբ, թե՛ մոտեցման առումով: Ես կարող եմ պատասխանատու լինել բացառապես մեր կողմից ներկայացված դիմումների համար»,-ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանը:
Հավելենք, որ քիչ առաջ Վարդևանյանը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է՝ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը:
Սոնա Գևորգյան