Նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:

Արարողությունը տեղի ունեցավ հունիսի 26-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 40 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի մարումն իրականացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերած է գնդակոծված պատ, որին ածուխով գրված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը:

1992 թվականից առ այսօր «Հայփոստի» կողմից թողարկվել է Հայրենական մեծ պատերազմի թեմատիկային առնչվող 19 նամականիշ և 3 գեղաթերթիկ:




Լրահոս