ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում կատարվող քաղաքական մի քանի հարցերի շուրջ զրուցել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի հետ։

 

-Պարո՛ն Մանրիկյան, «Լույս» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ իրենց վարորդին հրավիրել են վեցերորդ վարչություն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաեւ իրեն են հրավիրել։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Կարծում եք, որ սա քաղաքական ճնշման հետեւա՞նք է։ 

-Այս վերջին 10-15 օրերին, ինչ կատարվում է հանրապետությունում, վկայում է մեկ բանի մասին, որ ընդդիմադիրների վրա կատարվում է քաղաքական ճնշում, այսպես ասեմ, ռեպռեսիա։ Նախ կարող եմ ասել, որ ԲՀԿ ավագանու անդամների եւ ոչ միայն ավագանում անդամների, նախորդ շաբաթ տեսանք, որ ուժ կիրառվեց պագամավորների նկատմամբ։ Ես այսօր բարձրաձայնեցի իմ մտահոգությունը, բայց քաղաքային իշխանությունը  չտվեց դրան գնահատական, թե ինչու են բհկ-ականներ բերման ենթարկվել: Դա կաող է վկայել մեկ բանի մասին, որ քաղաքական կործանում, քաղաքական ճնշումներ կան՝ ընդդիմադիր ուժերի հետ կապած։

-Ինչ-որ կերպ սա կապո՞ւմ եք ստորագրահավաքի հետ կապված Սահմանադրական դատարան դիմելու հետ։

-Ներկա պահին ամեն ինչի հետ կապում եմ։ Այո՛, իհարկե, որովհետեւ, ինչպես ասում են, քաղաքականությունում չեն լինում  պատահականություններ, եւ ելնելով դրանից՝ ես կապում եմ դրա հետ։

-«Բարգավաճ Հայաստանը» ստորագրահավաք էր նախատեսել, որին նաեւ անհրաժեշտ է, որ միանար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որպեսզի կարողանային դիմել Սահմանադրական դատարան։ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո միայն իրենք կմիանան ստորագրահավաքին։ Ինչպե՞ս եք  գնահատում տեղի ունեցող գործընթացը, եւ ի՞նչ եք կարծում, արդյոք Ռ. Քոչարյանի գործի քննությունը կարող է խանգարել, որպեսզի հիմա տեղի ունենան այս պրոցեսները։  

-Պարոն Մարուքյանի հարզացրույցին ծանոթ չեմ, քանի որ ինքս ավագանու նիստի, ապա խմբակցության նիստի էի, այդ իսկ պատճառով ներկա պահին  ես կնախընտրեմ այս հարցին չպատասխանել։ Նշեմ, որ ցավում եմ, որ երկրի նախագահը ստորագրել է այդ օրենքը, եւ հետագա քայլերի  մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ։

-Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, տեղյակ եք, որ դիմում էր ներկայացրել Հայկ Մարությանին, որի մասին հրապարակավ հայտնել էր, սակայն մինչ այժմ դիմումին ընթացք չի տրվել։ Այսինքն՝ կարծես թե քաղաքապետը չի ցանկանում,  որ նա հեռանա իր պաշտոնից։  Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։

-Ես կասեմ, որ կադրերի պակասի խնդիր ունի։ Բազում վարչություններ կան, որ վարչության պետերը գտնվում են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, եւ կարծում եմ, որ ներկա պահին  Հայկ Սարգսյանին փոխարինող չկա։ Այն, ինչ քննարկվել է նաեւ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանի անունը, որ հնարավոր է՝ նա փոխարինի Հայկ Սարգսյանին։ Կարծում եմ՝ այս պրոցեսը ձգձգվում է միայն այն հանգամանքով, որ չկան  կադրեր։ Եվ, ընդհանրապես, այս իշխանության համար թիվ մեկ  խնդիրներից է թե կառավարության, թե քաղաքային իշխանության կադրերի բացակայությունը։

-Մամուլում լուրեր են պտտվում, որ քաղաքապետն այս կամ այն պաշտոնին նշանակում է իր հարազատներին, ծանոթներին, ընկերներին։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

-Ես միայն մի բան արձանագրեմ՝ կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը, երբ երկու մասնակից հավաքել էին նույն միավորները, եւ քաղաքապետի որոշմամբ պետք է ընտրվեր՝ ով կլինի տնօրենը։  Եվ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախկին խորհրդականի ընկերը դարձավ տնօրեն։  Այո, քաղաքային իշխանությունում կա խնամի-ծանոթ-բարեկամ  սկզբունքը։ Չեմ ուզում այս պահին նշել, թե ովքեր են, բայց վստահեցնում եմ, որ  կան, որ նույն ընտանիքի անդամները կարող են լինել քաղաքային իշխանության ներսում։

Զրուցեց ՍՈՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

 

 

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները շարունակում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար քննարկումները:

 

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված «Սահմանադրական փոփոխությունների մասին» օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական, սակայն այս խմբակցության պատգամավորների թիվը 25 է, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետեւաբար առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չի լինի։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ իրենք պատրաստ են ՍԴ դիմել միայն հուլիսի 7-ի՝ Քոչարյանի գործի լսումներից հետո:

Armlur.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ անձամբ ինքը չի կիսում տեսակետը, թե պետք է սպասել մինչեւ Ռ. Քոչարյանի գործի քննության ավարտը, եւ իր համար էական չէ, թե որ պահին ում գործն է քննվում ՍԴ-ում:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, առաջնորդվում է իր նախընտրություններով ու համոզմունքներով: Իրավական առումով եւ՛ մենք, եւ՛ «Լուսավոր Հայաստանը» վերահաստատում ենք, որ տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտում, ոտնահարում, հակասահմանադրական նախագիծ է ներկայացվել»,-ասաց Իսայանը:

Նա հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանի» կարծիքով՝ մինչեւ Քոչարյանի գործի քննության ավարտը պետք է աշխատել ՍԴ ուղարկվելիք դիմումի կետերի վրա, քանի որ ԼՀԿ պատգամավորները որոշ դիտարկումներ ունեն ԲՀԿ-ի ներկայացրած փաստաթղթի դրույթների վերաբերյալ:

«ԼՀԿ-ն նոր նախաձեռնությամբ հանդես չի գալու, դիմումի վրա աշխատանքները շարունակվելու են, մինչեւ Քոչարյանի գործն ավարտվի, իրենք էլ միանան մեր ստորագրություններին եւ ՍԴ ուղարկենք փաստաթուղթը: Մեր ձայները չեն բավականացնում, ուստի քննարկումները կշարունակենք, կհասկանանք՝ հուլիսի 7-ից հետո ինչպիսին է իրենց նախատրամադրվածությունը, եւ առհասրակ, այդ դիմումը տալու իմաստ կլինի, թե ոչ, արդյոք ՍԴ-ն այն վարույթ կընդունի»,-ամփոփելով խոսքը՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Ս. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով եւ երեկ չի ներկայացել նաեւ Ազգային ժողովի նիստին: Նշենք, որ արդեն հաստատված վարակակիր է նաեւ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որից հետո մեկուսացել են ԲՀԿ-ականները, սակայն, ըստ էության, կորոնավիրուսը հասել է նաեւ իշխող խմբակցությանը: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, սակայն նա հայտնեց, թե «Իմ քայլ»-ի պատգամավորների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մասին տեղեկություն չունի: Իսկ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, որը երեկ բացակայում էր ԱԺ նիստից, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե որոշել է կորոնավիրուսի թեստ հանձնել, եւ դա է պատճառը, որ չի ներկայացել նիստին, ջերմում է: Իսկ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե երկու օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, եւ երեկ եկել է դրական պատասխան: Պատգամավորը հավելեց, որ  թեստը հանձնելուց հետո ԱԺ չի եկել, իսկ շփման շրջանակն էլ նեղ է։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, որը ինքնամեկուսացած է, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե կորոնավիրուսի թեստ չի հանձնել: Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, թե երկու օրից արդեն կկարողանա տանից դուրս գալ:

Հավելենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստից մեծ թվով պատգամավորներ կան բացակա, եւ պատճառը հենց նրանց ինքնամեկուսացումն է:

 

ՄԱՐԶՊԵՏԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը դատի է տվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Վերջինս, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է, որպեսզի դատարանը մարզպետի հունվարի 20-ի որոշումը՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, անվավեր ճանաչի: Ստացվում է, որ համայնքի ղեկավարները մարզպետի կողմից պատասխանատվության են ենթարկվում եւ բանավոր կերպով չեն կարողանում հարցը լուծել, ստիպված ընկել են դատարանի դռները:

 

 




Լրահոս