Մի քանի ժամ է` ակտիվորեն քննարկվում է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի պատմությունը:
Մարիամ Մալխասյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:
Հարազատներին ասել են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: «Երկու օր է՝ եղբայրս անատոմիկում փորձում է գտնել տատիկիս դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, եղբայրս, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին», – նշում է նա:
Ավելին, նա պատմում է, որ դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:
Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն մինչ այս պահը տատիկի դին չի գտնվել:
Հավելենք, որ այս դեպքին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը եւ հայտնել.
«Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն»:
Ն.Հ.