Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա լրագրողներին հայտնեց, որ իրեն հարցաքննել են եւ հրավիրել դատական նիստին վկայի կարգավիճակով:
«Այդ գործին նախորդող որոշակի գործընթացներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»,- նշեց Թորոսյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ իր հայտարարություններով դատապարտել է և անընդունելի է համարել ֆինանսական հարաբերությունների մեջ Առողջապահության նախարարության որևէ աշխատակցի, այդ թվում փոխնախարարի ներգրավում և հին աշխատաոճը։
Հավելենք, որ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Իսկ մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։