22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և 26.06.2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ ԲաղդասարյանԸ
«Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով՝ արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի՝ այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել Սահմանադրական դատարանի վարչական շենք:
Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են Սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով»,- հավելել է պատգամավորը: