Այսօր «Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դեւոյանը նշում է ծննդյան 71-ամյակը: Հոգու հետ պարը ներդաշնակելու վարպետ Սոֆի Դեւոյանը ծննդյան, ապրումների, կորոնավիրուսով վարակվելու մասին զրուցել է ArmLur.am-ի հետ:
«Այսօր ինձ համար, կարելի է ասել, անհավատալի գեղեցիկ, ապշեցնող անակնկալ էր կազմակերպել իմ հարազատ կոլեկտիվը: Ես շոկի մեջ էի, քանի որ ինձ համար մի հիանալի ֆիլմ էին նկարահանել մաղթանքներով՝ ուղղված ինձ, ապա հարսս եւ թոռնիկս ինձ կանչեցին պատշգամբ, տեսնեմ ի՞նչ, մեքենաներով, ազդանշաններով ամբողջ կոլեկտիվս եկել է տարեդարձս շնորհավորելու: Ես գտնվում էի վերեւում՝ պատշգամբում, իսկ նրանք ներքեւում էին, իհարկե ոչ մեկին ներս հրավիրել չկարողացա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Շատ հաճելի էր, երբ բակում, տարածություն պահելով, պարեցին ինձ համար: Այնպիսի հուզիչ պահեր պարգեւեցին ինձ, որ երբեք չեմ կարող մոռանալ: Այնքան հուզվեցի, այնքան լաց եղա… Ինչպես նշեցի, չկարողացա իրենց տուն հրավիրել՝ իրենց առողջության մասին մտածելով, չնայած որ ինձ մոտ ամեն ինչ արդեն անցել է, բայց, ամեն դեպքում, դեռ զգուշություն եմ պահպանում»,-պատմում է Սոֆի Դեւոյանը:
Մեզ հետ զրույցում պարուհին նշում է, որ շրջապատի կողմից միշտ իրեն շատ սիրված եւ գնահատված է զգացել, եւ այսօրն էլ բացառություն չի եղել. «Երբ դու հասկանում ես, որ քեզ սիրում են, երբ դու պետք ես, երբ դու ես սիրում մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում ես… Ես իմ հոգու մեջ մեծ հավատք ունեմ, որ արվեստագետը չի կարող այսպես ապրել, պետք է անպայման ստեղծագործի, աշխատի, եւ ես հույս ունեմ, որ այս ամեն ինչը շուտով կվերջանա»:
Իսկ ի՞նչ անակնկալ է պատրաստել կրտսեր Սոֆի Դեւոյանը. «Ես ոչ մեկին չեմ թողել, որ ինձ մոտենան, չնայած Սոֆան մոտեցավ, գրկեց, բաց չէր թողնում, բայց ես ամեն դեպքում թույլ չտվեցի ինձ համբուրել: Քանի որ Սոֆին հիմա նոր բրենդ է ներկայացնում, որը կոչվում է «Թույն», եւ այս կարանտինային ամբողջ ժամանակաշրջանը նվիրեց դրա ստեղծմանը, ի դեպ, նշեմ, որ շատ հետաքրքիր եւ գեղեցիկ ստեղծագործական նկարներ է նկարում, եւ այսօր ինձ համար անակնկալ իր աշխատանքներից մեկը նվիրեց»:
Անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելուն եւ հաղթահարմանը՝ Սոֆի Դևոյանը նկատում է, որ այս հիվանդությունը սովորական մրսածություն չէ, այն հոգնածությունը, որը զգում ես հիվանդության ընթացքում, շատ ճնշող եւ անդուր զգացողություններ է առաջացնում:
«Ես միանգամից զգացի, որ վարակվել եմ: Ինձ վարակել է իմ տան աշխատողը, ես հենց զգացի, որ ինքը լավ չէ, ես նրան միանգամից տուն ուղարկեցի: Հաջորդ օրը ես վատ զգացի եւ հասկացա, որ վարակվել եմ: Գիտեք, շատ անսովոր վիճակ է, այս հիվանդությունը նման չէ գրիպի, քանի որ ինձ մոտ սկսվեց որովայնի, մեջքի ցավով, եւ ես զգացի, որ դա ուղղակի մրսածություն չէ, ու ես մի երկու-երեք օր հետո գնացի թեստ հանձնեցի, ու պարզվեց, որ վարակվել եմ:
Միանգամից մտա սենյակ եւ էլ դուրս չեկա, որովհետու զգացի, որ ինչ-որ սովորական վիճակ չէ, շատ անդուր վիճակ է առաջացնում: Հիվանդությունը քեզ միանգամից թուլացնում է: Ես ինքս ցավին դիմացկուն մարդ եմ, բայց այն քեզ թուլացնում է, որը շատ նեղում է, կոտրում է, բայց հիմա լավ եմ ինձ զգում: Բոլոր բուժումները, անտիբիոտիկները տանն եմ ընդունել՝ իհարկե բժշկուհու հետ խորհրդակցելով: Տան անդամները բոլորը լավ են, կեսի թեստի պատասխանները հայտնի են, իսկ տղայինս այսօր կլինի: Արդեն 20 օրից ավել է, վիրուսը հաղթահարված է: Ցանկանում եմ, որ բոլորը առողջ լինեն, եւ գան այն մեր հին ու բարի օրերը»,-մեզ հետ զրույցում եզրափակում է ՀՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դեւոյանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՏՐՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԲՆՈՒՅԹԻՑ». ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ
Վերջին օրերին համացանցում բուռն քննարկումներ են Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ դպրոցական ծրագրից դուրս բերման կամ այն Հայոց պատմություն առարկային միացնելու վերաբերյալ։ Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է հայ ազգային, հասարակական, մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ:
«Որպես ազգ, որպես պետություն, պետականություն, լեզու, կրոն չեմ ուզում որեւէ մեկին փնովել, քանի որ ամեն մեկն իր մտածողությունն ունի, բայց ես գիտեմ մի բան, որ դարեր շարունակ մեր լեզուն եղել է մեր վահանը: Ես իսկապես հիմա չեմ հասկանում, թե ինչ են ուզում անել, եւ ինչ են մտածում այսօրվա մեր իշխանավորները: Իմ կարծիքով՝ ամենակարեւորը տվայլ պետության մայրենի լեզուն է, մենք հարուստ ենք մեր լեզվով, մեր մշակույթով, եւ ամեն օր ավելի զարգացնելու փոխարեն կրճատում են դպրոցներում ժամերը: Հիմա ես չեմ հասկանում՝ ինչ են մտածում, ինչ որոշումներ են կայացնում, ինչու են ուզում հանել կամ միացնել, չեմ հասկանում իրենց մտածելակերպը: Եթե իրենց այդ քայլը նպաստելու է մեր երկրի ամրապնդմանը, քավ լիցի, խնդիր չկա, բայց, իմ կարծիքով, այդ քայլը կտրում է ինձ իմ արմատներից: Եվ հիմա դասաժամերը ավելացնելու փոխարեն կրճատում են, ես իսկապես չեմ հասկանում: Ես՝ որպես մանկավարժ, ստանում եմ ընդամենը 56.000 դրամ աշխատավարձ, եւ հիմա այդ չնչին մանկավարժի աշխատավարձով պահանջներ են ներկայացնում, գույքահարկ են բարձրացնում: Հիմա ես շատ անհանգիստ եմ եւ մտահոգված, եւ վերջ ի վերջո պետք է արտահայտվենք, քանի որ այս երկիրը մեր տունն է»,-նշում է նա:
Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ Անդրանիկ Մանուկյանն ընդգծում է, որ շուտով հանդիսատեսին «Գաթա» բենդի հետ միասին կներկայացնի նոր եւ հետաքրքիր տեսահոլովակ:
«Այս չարաբաստիկ համաճարակի հետեւանքով ամբողջ աշխարհը, մոլորակը կանգնած է լուրջ խնդիրների առաջ, եւ դրանից անմասն չի մնացել նաեւ ստեղծագործական աշխարհը: Այս ժամանակահատվածում տանից եմ ստեղծագործում, հիմա թե ինչքան է ստացվում, ինչքանով չի ստացվում, դա պարզ կլինի, երբ համաճարակից հետո կներկայացնեմ իմ լսարանին: Միեւնույն ժամանակ ցավում եմ, որ չենք կարողանում լիարժեք շփվել, լիարժեք ստեղծագործել: Առաջիկայում սպասվում են ոչ միայն մեկ, այլ մի քանի տեսահոլովակներ, բայց այս իրավիճակը՝ երկրում ստեղծված, արգելափակել է ամեն ինչ, բայց սպասվում են շատ հետաքրքիր երգեր, տեսահոլովակներ, որոնց շուրջ հիմա տարվում են աշխատանքներ»,-ասում է մեր զրուցակիցը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է
Վանաձորի «Լոռիի» դարպասապահ Վարդան Շահատունին վարակվել է կորոնավիրուսով. հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետեւանքները թողնել ոչ միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաեւ հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։ Թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։ «Լոռի»-ի ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով եւս մեկ անգամ կթեստավորվեն։
Նշենք, որ Հայաստանի առաջնության վերջին տուրում «Լոռին» հուլիսի 14-ին պետք է ընդունի Երեւանի «Արարատին»։
ՍԱՀՄԱՆԵԼ Է ՌԵԿՈՐԴ
Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (3։1) շնորհիվ «Լիվերպուլը» սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջինն է, որը կարողանում է 34 տուրում տանել 30 հաղթանակ։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» արդեն ապահովել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, որը չէր նվաճել 30 տարի։ «Լիվերպուլն» Անգլիայի 19-ակի չեմպիոն է։ Ավելի տիտղոսակիր է միայն «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 20։
ԳՆԱՀԱՏԵԼ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը գնահատել է իր ղեկավարած թիմի արդյունքներն ու հնարավորությունները Պրեմիեր լիգայում։ «Եթե կարողանանք հաղթել մնացած հանդիպումներում, առաջնությունը կավարտենք լավագույն քառյակում։ Մենք չենք կարող ապավինել մրցակիցների անհաջողություններին։ Պետք է ինքներս հասնենք արդյունքի եւ հաջորդ մրցաշրջանում լինենք Չեմպիոնների լիգայում։
16 անընդմեջ խաղում պարտություն չկրելը հաղորդում է վստահություն, բայց դա չէ նպատակը, որին պետք է ձգտենք։ Մենք ավելի լավ արդյունքի հնարավորություն կունենանք, եթե լինենք կենտրոնացած»,- ասել է Սուլշերը: «Մանչեսթեր Յունայթեդը» 33 խաղից հետո 55 միավորով 5-րդ տեղում է եւ 4 միավոր հետ է 34 հանդիպում անցկացրած «Լեսթեր Սիթիից»։ Պրեմիեր լիգայի մնացած խաղերում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Աստոն Վիլայի», «Սաութհեմփթոնի», «Քրիսթալ Փելասի», «Վեստ Հեմի» եւ «Լեսթեր Սիթիի» հետ։