Միանալով Համաշխարհային Փոստային Միության համակարգի նոր ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն Ռուսաստանի փոստի (Почта России) հետ համատեղ մեկնարկել է դրամական փոխանցումների նոր «PosTransfer» համակարգ: Սա դրամական փոխանցումների նորագույն համակարգի առաջին գործարկումն է ոչ միայն ԱՊՀ երկրների տարածքում, այլև Համաշխարհային Փոստային Միության անդամ երկրների շրջանում:
Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր բաժանմունքներում ընդամենը 1,2% միջնորդավճարով: Հայաստանում դրամական փոխանցումները սպասարկվելու են ավելի քան 800 փոստային բաժանմունքներում, իսկ ՌԴ-ում՝ ավելի քան 30 000 սպասարկման կետում, ինչը նշանակում է, որ այսուհետ Հայփոստի միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն ցանկացած նույնիսկ ամենահեռավոր համայնքում:
Համակարգը հասանելի է նաև օնլայն ռեժիմով և ապահովում է առավելագույն օպերատիվություն, դրամական փոխանցումն իրականացնելուց 15 րոպե անց հասցեատերը Հայաստանի կամ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքում կարող է ստանալ իր գումարը:
Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային Փոստային Միության կոնգրեսի ընթացքում: Սպասվում է, որ Համաշխարհային Փոստային Միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:
Համաշխարհային Փոստային Միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ: