ՖՈՏՈ․ Իմ տարիքն այդպես էլ չհասկացա գիտակցել․ Արփին՝ տարեդարձի եւ անակնկալների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին երգչուհի Արփին նշել է ծննդյան 38-ամյակը։ Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում կիսվել է զգացողություներով եւ օրվա անակնկալներով։

«Հիմնականում ոչ մի զգացողություններ չի փոխվել, քանի որ ես իմ տարիքն այդպես էլ չհասկացա գիտակցել, թե ես ինչքան եմ։ Ինձ թվում է մարդ ինչքան էլ մեծանում է, մեջը մի մանուկ մնում է, ու այդ մանուկը չի մեծանում։ Երեւի ավելի շատ իմաստություն ու փորձ ես ձեռք բերում, եւեւի թե ավելի շատ դա է, որ հուշում է, թե դու արդեն 38 ես։ Ավելի շատ փոխվում է արժեքների վերագնահատումը»,-նշեց նա։

Երգչուհին տեսակով պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր չեն սիրում տարեդարձը նշել։ Արփիի խոսքով՝ նա չի սիրում հատկապես ուշադրության կենտրոնում լինել, եւ աշխատում է խուսափել մեծ հավաքույթներից։

«Դեռ փոքրուց չեմ սիրել տարեդարձս նշել։ Իմ կողքի հարազատ մարդիկ միշտ փորձել են ինչ-որ ձեւով ինձ ուրախացնել  իմանալով, որ չեմ սիրում, բայց 2017 թվականին, մինչեւ իմ երկրորդ բալիկի ծնունդը, 35-ամյակս որոշեցինք անպայման իմ ծննդավայրում ՝  Խնձորեսկում նշել, քանի որ մարդիկ կարոտ էին լավ երաժշտության , լավ  էնէրգիայի եւ վաղուց նման բան չէր եղել, այն էլ բացօթյա, բարեգործական համերգ։ Որոշեցի նման կերպ նշել, որ մարդկանց համար լավ լինի, ե՛ւ բոլոր դասարանցիներիս կտեսնեմ, ե՛ւ իմ համագյուղացիներին, եւ այդպես էլ ստացվեց»,-ասաց նա։

Մեզ հետ զրույցում Արփին անդրադառնալով նվերներին ընդգծում  է, որ նյութականին երբեք կարեւորություն չի տալիս․ «Իմ ընկերները տարեդարձիս առթիվ անում են այնպիսի նվերներ, որ գիտեմ իմ սրտով կլինի, կհավանեմ։ Ես մի փոքր բանից, մի գույնից կարող եմ ուրախանալ, եւ ասել շնորհակալ եմ, եւ այդ շարքում առաջինը՝ ծաղիկներն են, որոնց նկատմամբ անհագուրդ եմ։ Շատ հաճելի էր, երբ փոքրս թլոշ խոսելով ասաց․ « մամա ջան ես քեզ շատ սիրում եմ, ծնունդդ շնորհավոր», դա ինձ համար ամենալավ նվերն էր, նույնը մեծ աղջիկս՝ փորձել էր ինձ եւ իրեն նկարել, շատ թանկարժեք նվեր էր ինձ համար, եւ քանի որ մենք նոր ենք նոր բնակարան տեղափոխվել, դեռ շատ իրերի կարիք ունենք, եւ էլի իմ մտերիմներն այդ ամեն ինչը հասկանալով,  շատ հաճելի եւ գեղեցիկ տան իրեր են նվիրել, տարբեր տեսակի ձեւի եւ գույնի ծաղկամաններ, որոնք ես շատ եմ սիրում։ Հատուկ թեմատիկայով գեղեցիկ նկարներ, հատուկ մարդկանց կողմից նկարված»։

Արփիի հավելմամբ, ամբողջ օրն անցկացրել են տանը, թեպետ երեկոյան որոշել են տանից դուրս գալ իր եւ ամուսնու ծնողների հետ՝ անվտանգության կանոնները պահպանելով, լավ ժամանակ անցկացնել։

«Անակնկալներ եղան նաեւ մեր ընկերների կողմից, մինչեւ ուշ գիշեր նստեցինք ,զրուցեցինք, հիանալի ժամանակ անցկացրեցինք»,-եզրափակեց նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս