«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է օգոստոսի 5-ին՝ չորեքշաբթի օրը, խմբակցության նիստ հրավիրել: Ըստ մեր աղբյուրների՝ նիստը թեժ է լինելու, քանի որ նախատեսվում է վերջնական հստակեցնել, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ինչպես պետք է քվերակի խմբակցությունը: Բանն այն է, որ տարբեր պատգամավորներ խմբակցության ղեկավարությանն այրդեն հայտնել են, թե դեմ են Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ու իրենք այդպես էլ քվարեկելու են: Եվ հենց դրանից հետո որոշում է կայացվել կրկին հավաքվել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է վարվեն, ինչպես անել միասնական դիրքորոշում ունենալու համար:
Մեր տեղեկություններով՝ խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանին առաջադրել են ՀՀ կառավարությունը ու իշխանական խմբակցության մի մասը՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լոբբինգով, նրանք, կարծես թե, մտադիր են երկու տարբերակ առաջարկել՝ կա՛մ փոխել թեկնածուին, կա՛մ իրենք դեմ են արտահայտվելու: Թե խմբակցության նիստում քննարկումներից հետո ինչ եզրահանգման կգան իմքայլականները, դեռեւս պարզ չէ: Հավելենք, որ Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ շատ պատգամավորներ չէին էլ թաքցրել, որ ավելի շատ բացասական են տրամադրված նրա հանդեպ, իսկ մի մասն էլ ասել է՝ ոնց որոշի վարչապետը, այդպես էլ կարվի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։