ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուշագրավ իրավիճակ Սահմնադրական դատարանի շուրջ. երեք մերժված թեկնածուներն ու «Իմ քայլ»-ի որոշումը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի վերջո, Արթուր Վաղարշյանին առաջադրեց որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Իսկ ավելի վաղ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու էր ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, իսկ կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Եվ այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը, որոնք գտնվում են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ազդեցության տակ, դեմ են կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուներին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց մի մասը դեմ է նաեւ Արթուր Վաղարշյանին, որը մեկ անգամ արդեն առաջադրված եւ հենց «Իմ քայլ»-ի կողմից մերժված է եղել: Վերջինիս ընտրությունը տապալվել էր 2019 թվականի մայիսի 29-ին պատգամավորների 30 «կողմ» եւ 53 «դեմ» ձայներով: Իսկ մինչ այդ Ազգային ժողովը չէր հաստատել նաեւ նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին եւ Էմիլ Բաբայանին (ավելի ուշ՝ եւս մեկ անգամ առաջադրումից հետո, Գրիգորյանն ընտրվել էր):

Ստացվում է՝ 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչեւ 2019թ. մայիսի 30-ը հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրելՍահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն, եւ Ազգային ժողովը մերժել է հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: Այսպիսով. այսօր մի իրավիճակ ունենք, երբ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը դեմ է նրանց: Խոսքը պատգամավորների այն թեւի մասին է, որը գտնվում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ազդեցության տակ եւ հենց նրա լոբբինգով շարժվելով էլ՝ դեմ են արտահայտվում հատկապես Վահրամ Ավետիսյանին: Ընդգծենք, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է, այսինքն՝ այդքան պատգամավոր պետք է կողմ քվեարկի թեկնածուին, իսկ դատելով այն հանգամանքից, որ 88 հոգանոց «Իմ քայլ»-ում տարբեր տեսակետներ են, չի բացառվում, որ առաջիկայում ընտրությունները կարող են տապալվել:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խմբակցության առանձին պատգամավորներ զարմացել էին նախագահի այս քայլով՝ դատելով այն հանգամանքից, որ նրա կողմից առաջադրած թեկնածուն մեկ անգամ արդեն մերժվել էր այս խմբակցության կողմից, բայց, փաստորեն, դա չէր խանգարել եւս մեկ անգամ նրան առաջադրել: Եվ պատգամավորների մի մասը շարունակում է մնալ իր կարծիքին, եւ հայտնել են, որ դեմ են քվեարկելու. թե ինչ դիրքորոշում կունենա ամբողջ խմբակցությունը կամ մյուս պատգամավորները, թերեւս ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, այսօր «Իմ քայլը» կհավաքվի՝ հասկանալու համար՝ ինչպես լուծել ՍԴ դատավորների թեկնածուների հարցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս