ՄԵԾ ԾԱԽՍԵՐ՝ ՆՈՐ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը: Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ընդ որում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Սակայն փաթեթում տեղ գտած փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ նախագծերի ընդունման պարագայում բարեվարքություն կանցնեն նաեւ դատախազների թեկնածուները: Այսպիսով, նախագծերի փաթեթով սահմանվել են Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ, մասնավորապես՝ հաշվի են առնվելու ստացած կարգապահական տույժերը: Միեւնույն ժամանակ  Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ: Ինչպես արդեն նշեցինք, բարեվարքության ուսումնասիրություն օրենքի ընդունումից հետո կանցնեն ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդները, այլեւ Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձինք եւ դատախազների թեկնածուները:  Նկատենք, որ այս դատարանի ստեղծումը նախատեսված է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով: Ավելին, նախագծի հետ մեկտեղ նախարարությունը ներկայացրել է նաեւ այն ծախսերը, որոնք նախատեսված են լինելու: Այսպիսով, 2021-2023 թվականների համար աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերը միասին կկազմեն 3 մլրդ 339 մլն 529 հազար դրամ, դատավորների տեխնիկական հագեցվածության համար՝ 198 մլն դրամ, տրանսպորտային հագեցվածության համար՝ 321 մլն դրամ, իսկ շենքային պայմանների համար՝ 2 մլրդ 800  մլն դրամ: Սա, իհարկե, նախնական հաշվարկներն են:  Հավելենք, որ հանրային քննարկման ավարտի համար ժամկետ է նախատեսված օգոստոսի 15-ը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է օգոստոսի 5-ին՝ չորեքշաբթի օրը, խմբակցության նիստ հրավիրել: Ըստ մեր աղբյուրների՝ նիստը թեժ է լինելու, քանի որ նախատեսվում է վերջնական հստակեցնել, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ինչպես պետք է քվերակի խմբակցությունը: Բանն այն է, որ տարբեր պատգամավորներ խմբակցության ղեկավարությանն այրդեն հայտնել են, թե դեմ են Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ու իրենք այդպես էլ քվարեկելու են: Եվ հենց դրանից հետո որոշում է կայացվել կրկին հավաքվել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է վարվեն, ինչպես անել միասնական դիրքորոշում ունենալու համար: Մեր տեղեկություններով՝ խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանին առաջադրել են ՀՀ կառավարությունը ու իշխանական խմբակցության մի մասը՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լոբբինգով, նրանք, կարծես թե, մտադիր են երկու տարբերակ առաջարկել՝ կա՛մ փոխել թեկնածուին, կա՛մ իրենք դեմ են արտահայտվելու: Թե խմբակցության նիստում քննարկումներից հետո ինչ եզրահանգման կգան իմքայլականները, դեռեւս պարզ չէ: Հավելենք, որ Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ շատ պատգամավորներ չէին էլ թաքցրել, որ ավելի շատ բացասական են տրամադրված նրա հանդեպ, իսկ մի մասն էլ ասել է՝ ոնց որոշի վարչապետը, այդպես էլ կարվի։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու: Ավելին, մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերակազմավորումների հետեւանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներքին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից եւ նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, եւ առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների:

 

 

Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ. Երեւանի քաղաքապետարանը չի ընդառաջում նրանց: Հայկական ռեստորանների միության տնօրեն Վահե Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ քաղաքապետարանը զիջումների չի գնացել եւ ռեստորանային բիզնեսից վերցրել է սեզոնային տուրքերը: «Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի հետ կապված խնդիր կա. բիզնեսը չաշխատելով սեզոնային տուրքերը վճարել է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը ընդհանուր առմամբ չի ընդառաջել: Չէ՞ որ բիզնեսն այդ ժամանակ չի աշխատել, կարելի էր դա ինչ-որ հաշվանցել: Քանի որ բացօթյա տարածքներն են միայն զբաղեցնում, եւ մեր քաղաքացիները նախընտրում են բաց տեղերում նստել, իսկ բացօթյա տարածքներում սրճանանների տարածքները պարետատան որոշումներով կրճատված է՝ հեռավորությունը պահպանելու նպատակով, այս պատճառով քաղաքապետարանին մենք առաջարկել էինք, որ սրճարանները մի քանի սեղան ավել կարողանան դնել նոր բացված սեզոնի համար. գոնե այդպես կկարողանան շրջանառության ինչ որ տոկոս վերականգնել, բայց արձագանք չկա քաղաքապետարանից: Մենք այդ մասով փորձելու ենք աշխատել: Մենք ուզում ենք այս թեմայի շուրջ հանդիպել հենց քաղաքապետի հետ եւ հույս ունենք, որ հենց այդ մակարդակով լուծում կտրվի»: Նշենք, որ քաղաքապետի հետ հանդիպելու առաջարկին քաղաքապետարանից եւս չեն արձագանքել: Կարելի է ասել՝ քաղաքապետի նկատմամբ ողջ քաղաքն է  «հետախուզում հայտարարել»:




Լրահոս