Եվրոպական միությունը տրամադրում է 80,000 եվրո մարդասիրական օգնություն 2020 թվականի հուլիսին Գյումրիում տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղեղի հետևանքով առավել տուժած բնակիչներին: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնից։
«Եվրոպական միությունն այս ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝ դրամական օժանդակություն, որը կօգնի առավել խոցելի բնակիչներին բավարարել կենսական և անմիջական կարիքները, այդ թվում՝ տրամադրելով սննդի և հիգիենայի պարագաներ, հագուստի վաուչերներ, ինչպես նաև ներքնակներ, բարձեր, վերմակներ և անկողնային պարագաներ:
Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է Եվրոպական միության կողմից Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին հատկացվող ընդհանուր ներդրման շրջանակներում:
2020 թվականի հուլիսի 13-ին ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Երկրում նախկին կարկտահարության դեպքերը բազմաթիվ են, այդուհանդերձ այս վերջինն իր ծավալով և քաղաքային տարածքի վրա ազդեցության տեսանակյունից աննախադեպ է: Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը (2,670 մարդ) դեռ ապրում են 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն-տնակներում: Այդ ընտանիքները խիստ խոցելի են և նրանց անհրաժեշտ է տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ: