Իրենք ուզում են վախեցնեն ինձ, բայց չի հաջողվի. Գևորգ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ամառ է, սակայն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն այս շրջանում ակտիվություն են դրսևորում, հանդիպումներ անցկացնում, կարծիքներ արտահայտում այս կամ այն հարցերի վերաբերյալ: Ակտիվությամբ աչքի է ընկնում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Եվ չնայած վերջինիս մասով քրեական գործ է հարուցված եւ թիրախում են նաեւ խմբակցության շատ ներկայացուցիչներ, սակայն դա, թերեւս, կուսակցությանը չի խանգարում: Այս և այլ  հարցերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, կա՞ն կոնկրետ գործողություններ, քայլեր, հանդիպումներ, որ այս պահին Ձեր խմբակցությունն իրականցնում է:

-ԲՀԿ-ն այս պահին, օգտվելով իրեն վերապահված իրավունքից , առերեւույթ գտնվում է արձակուրդում: Ինչի համար եմ ասում առերեւույթ, քանի որ դա հարաբերական է. մեզ համար արձակուրդը դա այն չէ, որ մենք ընդհանրապես մեզ ազատենք պատգամավորի լիազորություններից կամ գործառույթներից: Այսօր մենք պատգամավորներով շարունակում ենք առանձին մարդկանց, հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպել, նրանց խնդիրներն ուսումնասիրել ու արագ արձագանքել արագ արձագանքման կարիք ունեցող դեպքերին, բայց իրավաբանորեն մենք գտնվում ենք արձակուրդի մեջ, հարաբերական անդորր է, մինչ արձակուրդի ավարտը: Դրանից հետո, բնականաբար, խմբակցությունը նիստ կգումարի եւ կհստակեցնի իր կարեւորագույն, առաջնային անելիքները, ինչի մասին հանրությունը կտեղեկանա:

-Պարո՛ն Պետրոսյան, այս ժամանակահատվածում նաեւ թեժ քննարկվում էր՝  իբրեւ ԲՀԿ-ն լուծարվում է, խմբակցությունը փլուզվում է, պատգամավորներ են դուրս գալիս, Ձեր անունը եւս նշվեց որպես խմբակցությունից դուրս եկող: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը:

-Ես առիթ ունեցել եմ ասելու, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է , եւ նրանք, ովքեր ասում են, որ ԲՀԿ-ն պետք է քանդեն եւ այլն, ես մի անգամ էլ եմ ասել, որ իրենք շան բուն չեն կարող քանդել, ուր մնաց քանդեն այսպիսի ամուր կառույցը: Չեն կարող: Ուղղակի դա իրենց երազանքն է, նման կարծիքներ, մտքեր են շրջանառում, որպեսզի կարողանան սեպ խրել ԲՀԿ-ի մեջ: Բայց մենք բոլորս կուռ հավաքված ենք մեր ղեկավարի շուրջ եւ կտեսնեք, որ աշնանը ԲՀԿ-ն նոր շնչով իրեն կդրսեւորի:

-Քանի որ Սերգեյ Բագրատյանը դուրս եկավ խմբակցությունից, սկսեցին մի խումբ պատգամավորների հարցերը քննարկել։ Նշվեց, որ կան քրեական գործեր, ինչի հետ կապված ստիպում են պատգամավորներին ԲՀԿ-ից դուրս գալ, որպեսզի այդ քրեական գործերը ընթացք չստանան, նշվեց նաեւ,որ Ձեզ հետ կապված ինչ-որ գործ է քննվում, թե դուք եղել եք կոռուպցիայի մեջ ու գումարեք հափշտակել, պետք է վերադարձնեք բյուջե: Որքանո՞վ են այս տեղեկություններն իրական:

-Դա այնքան իրական է, որքան ես եւ դուք թռնենք էստեղից լուսին: Ի՞նչ գումար, ի՞նչ կոռուպցիա, եթե նման բան կա, ես ինչի չգիտեմ: Դա ապատեղեկատվություն է: Ես չգիտեմ կոնկրետ առանձին պատգամավորների հետ կապված ինչ հետաքրքրություններ կան, բայց կարող են հանգիստ ուսումնասիրել իմ ամբողջ անցյալն ու տեսնել, թե այդ ինչ կոռուպցիայի մասին է խոսքը: Իրենք ուզում են վախեցնեն, բայց չի հաջողվի: Ես մի քանի առիթով ասել եմ, թե ինչից եմ վախենում,  բայց այս իրենց արածը դրա մեջ չի մտնում: Թող իրենք իրենց կոռուպցիայի գործողություններից խոսեն:

-Պարո՛ն Պետրոսյան, իսկ նույն ձեւաչափով մտածում է նաեւ պարոն Ծաուկյա՞նը: Այս ժամանակահատվածում նա, կարծեք թե, այնքան էլ ակտիվ չէ քաղաքական դաշտում:

-Մենք մի քանի առիթով ասել ենք՝ քանի որ սահմանային լարվածություն կա, դա իշխանությունը երեւի չի էլ հասկանում, որ երբ Նախիջեւանում թուրքական զորքեր են կուտակվում, Տավուշում դրությունը լարված է, զոհեր ենք ունենում, մենք այս պահին որոշել ենք հարաբերականորեն կասեցնել մեր գործընթացը: Նորից եմ ասում այն, ինչ հայտարարել է պարոն Ծառուկյանը, մնում է ուժի մեջ: Այսինքն ուժի մեջ է այն տեսակետը, որ կառավարությունը չի կարողանում Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից որեւէ ոլորտում, եթե Դուք զարգացում մատնանշեք, ես կհրաժարվեմ իմ կարծիքից:

-Այիսնքն, սեպտեմբերին ԲՀԿ-ն ակտիվ գործունեությո՞ւն է վերսկսելու:

-Այո՛, որովհետեւ, եթե մի բան ասվում է կուսակցության նախագահի կողմից , կուսակցության նախագահի կողմից էլ պետք է այս ասվածի ուղղությունը շեղվի: Այս պահին պարոն Ծառուկյանը այլ հայտարարորություն չի արել, ինչը նշանակում է, որ մենք մնում ենք մեր կարծիքին: Այս կառավարությունն անգործունյա է, ի վիճակի չէ որեւէ ոլորտում զարգացում ապահովել:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս