«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում մահացել է 14 հազար 417 մարդ: Մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջին հորիզոնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից այս տարվա վեց ամիսներին մահացել է 7827 մարդ: Սրտանոթային հիվանդությունների մահվան դեպքերը մեկ տարվա ընթացքում ավելացել են 607-ով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հունվարին մահացել է 1461 մարդ, փետրվարին՝ 1394, իսկ հունիսին՝ 1428 մարդ:
Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որից մեր հանրապետությունում այս տարվա հունվար-հունիս ամիսներին մահացել է 2692 մարդ: Միակ դրական նորությունն այն է, որ այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1.6 տոկոսով: «Սեւ ցուցակի» հաջորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են, որից մահացել է 1380 մարդ: Ի դեպ, տեղեկացնենք, որ էնդոկրին համակարգի հիվանդություններից Հայաստանում այս տարվա վեց ամիսներին մահացել է 270, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 295: Դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացել է 421 մարդ: Այս ցուցանիշը եւս նվազել է 15.3 տոկոսով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։