Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի եւս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Այս մասին երեկ՝ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս իր օգոստոսի 5-ի համարում հայտնել էր, որ չնայած Արդարադատության նախարարությունը կառավարության հետ համատեղ գրեթե ավարտել է քննարկումները եւ առաջիկայում կներկայացնի նախագիծ, որը հնարավորություն կտա կորոնավիրուսային պայմաններում աշխատանքները կազմակերպել առանց արտակարգ դրությունը երկարացնելու, սակայն ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հակված է այն եւս մեկ անգամ երկարաձգելուն: Եվ, ահա, երեկ պարզ դարձավ, որ այն երկարաձգվում է եւս մեկ ամսով, սակայն վերջին անգամ: Այսպիսով, Ազգային ժողովը օգոստոսի 12-ին պետք է հատուկ նիստ գումարի եւ քննարկի այդ նախագիծը: Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվելու է արդեն 5-րդ անգամ: Իսկ այն եւս մեկ ամսով երկարաձգելու պատճառն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները դեռ երկմտում էին՝ ինչպես վարվել՝ մեկ ամսով էլ երկարաձգել արտակարգ դրությունը եւ նոր օրենսդրություն ընդունել արդեն հերթական նստաշրջանում՝ այն կիրառելով սեպտեմբերից, թե ավարտել արտակարգ դրությունը եւ առաջնորդվել այլ կարգով: Ամեն դեպքում, քննարկումները հանգել են առաջին տարբերակին: Եվ ինչպես իր խոսքում շեշտեց Տիգրան Ավինյանը, մի շարք սահմանափակումներ վերանայվելու են, այդ թվում՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Նկատենք՝ սա հենց այն արգելքն է, որի դեմ մշտապես ելույթ էին ունենում ընդդիմադիրները, եւ որի պատճառով նաեւ հավաքվների ժամանակ ոստիկանական ուժերը մարդկանց են բերման ենթարկում: Հավելենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, արդեն պատրաստ են նաեւ օրենսդրական փոփոխությունները, որը հնարավորություն կտա այլեւս չերկարացնել արտակարգ դրությունը, եւ իշխանությունները այլեւս չեն սպասի սեպտեմբերյան ԱԺ հերթական նստաշրջանին եւ այն քննարկելու համար մինչեւ օգոստոսի վերջ մեկ արտահերթ նիստ եւս կգումարեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված են եղել Գարեգին Բ-ի եւ Ալեն Սիմոնյանի հարաբերությունները, իսկ պատճառն էլ Կաթողիկոսի կողմից դեռ ամիսներ առաջ արված հայտարարությունն է եղել: Բանն այն է, որ այս տարվա ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, թե կարեւոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Եվ, ահա, նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել իշխանության ներկայացուցիչների շրջանում, արձագանք էր եղել անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի մակարդակով: Եվ, ահա, պարզվում է՝ այդ շրջանում հեռակա վեճեր են եղել նաեւ ԱԺ փոխնախագահի եւ կաթողիկոսի միջեւ, ու նրանք այս ամիսների ընթացքում այլեւս չեն շփվել: Եվ, ահա, օրերս կայացած հանդիպումը նրանց «բարիշացնելու» մտադրություն է հետապնդել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, որը հաստատեց հանդիպման մասին մեր ունեցած տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած նիստը շատ բուռն է անցել: Անգամ կարծիքներ են հնչել, թե այսպիսի բաց, թափանցիկ եւ թեժ քննարկումներով նիստ երբեւէ տեղի չէր ունեցել: Բանն այն է, որ նիստի ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն է հայտնել, անգամ բանավեճի են բռնվել իրենց գործընկերների հետ: Ինչպես հայտնի է, երեկ պատգամավորները քննարկել են, թե ինչպես են քվեարկելու ՍԴ երեք թեկնածուներ Վահրամ Ավետիսյանի, Երվանդ Խունդկարյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Նշենք, որ խմբակցության նիստին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ գրեթե բոլոր պատգամավորները ելույթներ են ունեցել ու, բացի այս թեմայից, առհասարակ դժգոհել են կառավարության մոտեցումից, որոնք մտածում են, թե ինչ նախագիծ ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Եվ, ահա, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվի քվեարկությունը թողնել ազատ: Բանն այն է, որ իմքայլական պատգամավորների մի մասն ավելի շատ դեմ է կառավարության եւ նախագահի ներկայացրած թեկնածուներ Ավետիսյանին եւ Վաղարշյանին, իսկ Խունդկարյանի շուրջ այնքան էլ բուռն քննարկումներ չեն եղել, եւ նրա դեմ տրամադրվածությունն այդքան վատ չէ: Նկատենք, որ այդքան թեժ նիստի արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել:
Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար մնացել է 15 օր: Նա, լինելով ՌՈ պետի գծով տեղակալ, սկսեց կատարել պետի պաշտոնակատարի պարտականությունները փետրվարի 21-ից, երբ աշխատանքից ազատվել էր նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Եվ, ահա, լրանում է օրենքով տրված վեցամսյա ժամկետը, ու արդեն պետք է նշանակվի ՌՈ պետ, որը, կարծես թե, Աղաջանյանը չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը: Ուշագրավ է, որ վերջինս հուլիսի 1-ի՝ Դատախազության օրվա առթիվ պարգեւատրվել էր ՀՀ նախագահի կողմից: Եվ հենց այդ ժամանակ եւս լուրեր էին տարածվել, թե նրան պատահական չեն պարգեւատրել: Հենց այդ ժամանակ էլ Հակոբյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներից է, դիտարկել էին որպես հավանական թեկնածո, իսկ այժմ արդեն վերջնական որոշում է կայացվել: