«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիկնազորի նախկին պետ Սերգեյ Հայրապետովը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերգեյ Հայրապետովը օգոստոսի 10-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որպեսզի դատարանը ստիպի պաշտպանության նախարարությանը վերացնի 2020 թվականի հունիսի 20-ի հրամանը եւ Հայրապետովին համարժեք պաշտոն առաջարկի եւ դեռ ավելին, վերջինիս հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար վճարի եւ զինվորական ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկը ճշգրտի:
Նկատենք, որ Հայրապետովը դեռեւս տարիներ առաջ աչքի ընկավ աղմկահարույց միջադեպով: 2016 թվականի մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը: Նույն օրը կալանավորվեց նաեւ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: Նշվում էր, որ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Սամվել Խաչատրյանի դեմ: Հեղափոխությունից հետո Խաչատրյանը արդարացվեց, իսկ ահա Ղարիբջանյանը այդպես ել ազատվելուց հետո անհետացավ ու իրավապահները մինչ օրս նրան չեն գտել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։