Հայաստանում այս տարվա հուլիսին՝ հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 տոկոսի գնանկում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսին՝ հունիսի համեմատ հագուստի, տարբեր տեսակի կոշկեղենի գներն են նվազել՝ 2.7%-ով: Բայց մասնագետների մի շրջանակ համոզված է, որ հագուստի եւ կոշկեղենի գները կաճեն, քանի որ սեպտեմբերն առջեւում է, իսկ հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսելու են սեպտեմբերի 15-ից:
Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ բնակարանի նորոգման նյութերի գները եւս նվազել են՝ 0.9 տոկոսով: Իսկ ահա գորգերն ու հատակի ծածկերն էժանացել են՝ 0.8 տոկոսով: Կահույքը եւս էժանացել է, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 0.5 տոկոսով: Գնանկում արձանագրվել է նաեւ դեղագործական ապրանքների շուկայում՝ 0.1 տոկոսով: Մյուս կողմից, մեզ հայտնի դարձավ, որ հանրապետությունում արձանագրվել է խոշոր եւ փոքր կենցաղային սարքերի՝ 0.1 տոկոս գնաճ: Թանկացել են նաեւ մաքրող, լվացող միջոցները` 0.3 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ բավականին թանկացել են նաեւ ոսկերչական զարդերը. այս դեպքում գնաճը կազմել է ՝ 5.5 տոկոս։
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մատուցված ծառայությունների ոլորտում հուլիսին՝ հունիսի համեմատ , արձանագրվել է սակագների 0.3 տոկոս հավելաճ։ Օրինակ, հուլիսին՝ հունիսի համեմատ , բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.6 տոկոսով: Իսկ ահա հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 4.6 տոկոսով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 6.4 տոկոսով: Տեղեկացնենք, որ կորոնավիրուսի պատճառով այս ոլորտի ներկայացուցիչները մի քանի ամիս չեն աշխատել՝ կրելով մեծ վնասներ: Այժմ բարձրացնելով ծառայությունների սակագները փորձում են կրած վնասները փոքր-ինչ հետ բերել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.