«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արցախի պաշտպանության բանակի միջեւ կադրային տեղափոխումները շարունակվում են: Մեր տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ Հովհաննես Ավագյանը նոր պաշտոն է ստացել Արցախի պաշտպանության բանակում եւ տեղափոխվել այնտեղ աշխատանքի: Մենք տեղեկացանք, որ վերջինիս տեղափոխումը Պաշտպանության նախարարությունում կապում են ավելի շատ առաջխաղացման հետ, քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նրան Արցախում ավելի բարձր պաշտոնի են նշանակել:
Նկատենք, որ Արցախից Հայաստան եւ Հայաստանից Արցախ տեղափոխությունները սկսվել են վերջերս՝ հունիս ամսից, երբ աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն եւ ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Դրանից հետո փոփոխությունները ակտիվացան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք այսքանով չեն ավարտվելու, եւ առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից կամ ՀՀ ՊՆ-ից այլ տեղափոխություններ եւս կլինեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։