ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր ուժերը կօգտվե՞ն բողոքի ակցիաներ անելու թույլտվությունից. ինչ քայլերի կդիմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ի ՀՀ կառավարության արտահերթ նիստում ընդունվեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վերջին շրջանում հավաքների ազատության հետ կապված խնդրից, հայտարարել էր, որ հավաքների ազատության հետ կապված սահմանափակումները հանվում են, սակայն պարտադիր է հակահամաճարակային կանոնների պահպանումը:

«ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ՝ պայմանով, որ մասնակիցները կլինեն դիմակով և 1.5 մ սոցիալական հեռավորությունը պահպանելով: Սա, կարծում եմ, կարևոր արձանագրում է, և սահմանափակումն էլ է բխել հակահամաճարակային իրավիճակից, սահմանափակման հանումն էլ է կապված դրա հետ: Եթե հանկարծ, Աստված չանի, այս թուլացումների արդյուքնում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ: Մենք ելնում ենք հակահամաճարակային կարգավիճակի վերլուծությունից: Հիմա անկում է գնում, և այդ անկման պայմաններում հնարավոր է դարձել այս սահմանափակումների թուլացումը կամ որոշ հատվածներում գործնականում վերացումը»,- հայտարարել էր ՀՀ վարչապետը:

Armlur.am-ը փորձել է ընդդիմադիր ուժերից պարզել, արդյոք իրենք առաջիկայում պատրաստվում են հավաքներ, բողոքի ակցիաներ իրականացնել:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեր հարցին, թե քանի որ այլևս ՀՀ-ում արգելված չէ հանրահավաքներ իրականացնել, արդյո՞ք Ձեր կուսակցությունը կամ երեք ուժերով միասին պլանավորում եք առաջիկայում հանրահավաք անել հայտարարեց, որ «Այս պահին պլանավորած որևէ բան չկա, բայց հանրահավաքները և բողոքի ակցիաները քաղաքական գործընթացների անբաժանելի մաս են կազմում և ըստ անհրաժեշտության վստահաբար օգտվելու ենք»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեր հարցին, թե ԲՀԿ-ն կամ այն երեք քաղաքական ուժերը, որ այս օրերին համագործակցում են՝ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների հետ միասին, պատրաստվում են հանրահավաքներ անցկացնել, ասաց որ դեռեւս չի ցանկանում շատ փակագծեր բացել: «Մենք ոչ մի կերպ կաշկանդված չենք առհասարակ քաղաքական ընթացքների հետ կապված, ավել բան չեմ ասում: ԲՀԿ-ն երբեք կաշկանդված չի եղել քաղաքական իր գործունեության իրականացման հարցում»,-եզրափակեց Աբովյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց. «Այս պահին պլանավորված, որոշում չունենք, որ հանրահավաք ենք իրականացնելու, բայց մենք հավաքները դիտարկում ենք իբրեւ քաղաքական ակցիաներ եւ վստահաբար օգտվելու ենք: Ինչ օրակարգով, երբ, երբ որ վերջնական որոշում կլինի, դրա մասին կտեղեկացնենք»: Իսկ դիտարկմանը, թե դա իրականացնելու եք կուսակցությունով, թե երեք ուժերով միասին Սաղաթելյանը նշեց. «Մենք համագործակցում ենք երեք ուժերով, հավանաբար եթե նման նախաձեռնություն լինի, երեք ուժերով կամ ավե;լի մեծ ֆորմատով կլինի, բայց քանի որ այս պահին չկան վերջնական որոշումներ ձեռնպահ կմնամ այդ մասին շատ մանրամասն խոսելուց»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս