ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներն են խստացրել կարանտինը. Իսպանիայում նոր ալիք է սկսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են կանխել կորոնավիրուսի կրկնակի տարածումը: Մասնավորապես, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, օրինակ, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել,  սահմանել նաև  ծխելու արգելք փողոցում և այլ հասարակական վայրերում այն դեպքում, երբ չկա  երկու մետր սոցիալական հետավորություն պահպանելու հնարավորություն: Բանն այն է, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500:

Այս զարգացումների ֆոնին Գերմանիան Իսպանիային, բացառությամբ Կանարյան կղզիների, ներառել  համաճարակային առումով ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների ցանկում: Իսկ Միացյալ Թագավորությունը կրկին մտցնում է երկշաբաթյա կարանտին Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և Մոնակոյից եկող քաղաքացիների համար: Նկատենք, որ Ֆրանսիայի տարածքում ներկայում գտնվում է 160 հազարից ավելի բրիտանացի զբոսաշրջիկ: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերը մոտենում են 3 հազարին:

Դրան զուգահեռ սահմանափակումները մեղմվել են Հայաստանում. դիմակ կրելը երեկվանից պարտադիր չէ անձնական մեքենաներում: Պահանջը շարունակում է գործել քաղաքային տրանսպորտի` այդ թվում տաքսիների, համար։ Պարետատան որոշմամբ, փոխվել է նաև բացօթյա տարածքներում դիմակ կրելու պահանջը: Մասնավորապես, դիմակ դնելը պարտադիր չէ բնության գրկում, սակայն բաց և փակ տարածքներում պահանջը մնում է ուժի մեջ։ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք էլ կարող են Հայաստան գալ, բայց նրանք ստիպված կլինեն երկշաբաթյա ինքնամեկուսացման գնալ, իսկ եթե այդ ընթացքում թեստ հանձնեն ու բացասական լինի, կարող են դուրս գալ ինքնամեկուսացումից։ Կորոնավիրուսի ռիսկերը շարունակում են մնալ. Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 196-ով՝ հասնելով 41 հազար 495-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս