Առաջին անհրաժեշտության սննդատեսակի՝ հացի արտադրության ծավալները պակասել են: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պաշտոնական տվյալներով, այս տարվա վեց ամիսներին մեր հանրապետությունում հացի արտադրության ծավալները նվազել են 1 տոկոսով: Բայց մյուս կողմից նկատենք, որ հունվար-մայիս ամիսներին հացի արտադրության ծավալների անկումը կազմել է 1.2 տոկոս: Այսինքն մեկ ամսվա կտրվածքով, անկման ցուցանիշը փոփոխվել է:
Պաշտոնական աղբյուրից պարզ դարձավ նաեւ, որ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 135 հազար 283 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 136 հազար 626 տոննա հաց: Սակայն մասնագետների մի շրջանակ պնդում է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։ Սակայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, հակառակը, ոչ թե նվազել է բնակչության թվաքանակը, այլ՝ ավելացել:
Օրինակ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հուլիսի-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար մարդ, մինչդեռ այս տարեսկզբին մշտական բնակվողների թիվը 2 մլն 959 հազար 700 էր: Այսինքն` 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 3300-ով է ավելացել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.