Դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ եւ, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։

Նշենք, որ այդ օրենքում փոփոխությամբ նախատեսվում էր քրեական պատասխանատվություն քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Եվ, ահա, վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը մեծ շուքով հայտարարում է տարբեր դեպքերի բացահայտման մասին, որոնք կապ ունենք «օրենքով գողերի» հետ:

Սակայն «օրենքով գող» Ալոն կամ քրեական հեղինակություն Տիզը չեն կալանավորվել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննիչը դատարանում չի կարողացել ապացուցել, թե այդ մարդիկ ինչու են համարվում քրեական ենթամշակույթ կրող, եւ որն է նրանց հանցանքը։ Հենց այդ պատճառով էլ նրանք օրինական հիմքերով ազատ են արձակվել:

Ստացվում է, որ օրենքը կա, բայց այն գործածել այդպես էլ չի ստացվում, ինչպես կանխատեսվում էր ի սկզբանե:»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս