ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչները բողոքում են. Թումանյան փողոցում փոսեր են փորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեւական ժամանակ է, ինչ դժգոհություն է ստանում Երեւանի Թումանյան փողոցի բնակիչներից: Պատճառը Թումանյան 22 հասցեի մայթին փորված հսկայական փոսերն են, որոնք արդեն մի քանի օր է՝ չեն լցվում: Բնակիչների պատմելով՝ իրենք ողջ օրը ստիպված են լինում կուլ տալ այդ փոշին, իսկ թեթեւ քամու դեպքում այն անտանելի է: Բայց սա դեռ ամենը չէ. բնակիչներին ավելի շատ զայրացրել է Երեւանի քաղաքապետարանի, ապա՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի անտարբերությունը: Պարզվում է՝ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ բնակիչները փորձում են հետաքրքրվել, թե ինչու է դադարեցվել շաբաթներ առաջ սկսված շինաշխատանքները, ինչու են փոսերը շարունակում փորված մնալ: Սակայն ոչ քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունից են նրանք պատասխան ստանում, ոչ էլ՝ կենտրոնի թաղապետարանից:

ArmLur.am-ը եղավ Թումանյան 22 հասցեում եւ պարզեց, որ շինաշխատանքները իրականացվել են էլեկտրամոնտաժային աշխատանքներ իրականացնող «ՀԷՄ» ընկերության կողմից:

Մեր տեսախցիկն արձանագրեց, որ փորվել էին հսկայական փոսեր, անգամ վնասվել են ծառերի արմատները եւ արդեն մի քանի օր է այդ փոսերը բացված են: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհը փոքր-ինչ նեղացել է այդ շինաշխատանքների պատճառով. երկու մեքենա միաժամանակ չի կարող անցնել, ինչն էլ, բնակիչների պատմելով, խցանումներ է առաջացնում:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀԷՄ-ի հետ, որտեղից մեզ պատասխանեցին հետեւյալը. «Տեխնիկական խնդիր է հիմա լուծվում, նախագծային փոփոխություններ են անում, շուտով կվերսկսեն: Գլխավոր կապալառուի եւ քաղաքապետարանի միջեւ ուղղակի նախագծային լուծումներ են այս պահին ճշտվում, վերջնական հաստատումից հետո աշխատանքները վերսկսվելու են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս