ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրի հետ կապված ինչ խնդիրներ ու թերացումներ են հայտնաբերել, ու նախօրեին Հայկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ինչ հարցեր են քննարկել ու ինչ բացահայտումներ են արել։

 

-Տիկի՛ն Հարությունյան, մենք տեղեկացանք, որ հանդիպում եք ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Խնդրում եմ  ասել՝ Դուք էիք արդյոք հրավիրել նրան հանդիպման, եւ ինչ բացատրություն տվեց պատգամավորը։

-Հայտարարագրի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել որոշակի տվյալների վերաբերյալ իրենից որոշակի պարզաբանումներ ստանալու։ Մենք ոչ թե գրավոր էինք դիմել, այլ բանավոր խնդրել էինք գալ հանձնաժողով, որպեսզի տեղում արագ եւ արդյունավետ պարզեինք ամբողջ տեղեկատվությունը։

-Այսինքն՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրում հանձաժողովը ոչ իրական տեղեկություններ է հայտնաբերել, ինչի համար հրավիրել եք պարզաբանմա՞ն։

-Հայկ Սարգսյանը իր հայտարարագիրը վաղուց ներկայացրել էր, ուղղակի հրապարակումներ եղան, անհրաժեշտություն եղավ պարզաբանման։ Ինքն իրականում իր հայտարարագիրը ներկայացրել էր, այնուհետեւ խնդրել էր որոշակի փոփոխություն կատարել, ու դա զուգադիպեց իր շուրջ ձեւավորված այս խնդրի հետ։ Իսկ քանի որ մենք ընթացակարգ ունենք, որ մինչեւ դատախազությունից կամ այլ մարմիններից տվյալ չենք ստանում, չենք թույլատրում, դա երկար պրոցես եղավ։ Հենց ստացանք հայտարարագիրը, հրապարակեցինք։ Տվյալների մասով կան անհասկանալի մասեր, որոնք այս պահին փորձում ենք հստակեցնել իր մասնակցությամբ։

-Հայկ Սարգսյանը ձեզ բացատրությո՞ւն է ներկայացրել այն հարցերի մասով, որտեղ դուք թերություն եք հայտնաբերել։

-Չէ, էլի մնացել է։ էլի կա ճշգրտման հնարավորություն իր կողմից, հիմա մենք սպասում ենք։

-Այսինքն՝ նա խոստացել է իր ունեցվածքի հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնե՞լ Ձեզ։

-Այո, կճշգրտի եւ գրավոր կներկայացնի։

-Այդ ճշգրումը կապվա՞ծ է իրեն պատկանող White Shorja-ի տարածքի հետ։ Ի վերջո, հաջողվե՞լ է Ձեզ պարզել՝ այն պատագամվորին էր պատկանում, թե ոչ։

-Չէ, հիմնականում դա հայտարարագրում առկա տվյալների վերաբերյալ է։  Նրա մասով մենք էլ զգուշացրել ենք, որ դեռեւս որոշակի տվյալների ձեռքբերման համար ուսումնասիրությունը շարունակվում է։

-Իսկ, ըստ Ձեզ, Հայկ Սարգսյանը նպատակ է ունեցել Կուռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից թաքցնե՞լ, որ տարածքն իրեն է պատկանում։ Ի՞նչ եք կարծում, պատգամավորը միտումնավոր իր ունեցվածքը թաքցրե՞լ է։

-Չասեմ որեւէ մեկնաբանություն, քանի որ այն դեռեւս փաստերով չի հաստատվել։ Ինչ էլ խոսեմ, կստացվի կանխակալ վերաբերմունք: Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություն է իրականացնում այդ մասով, այդպես չէ, որ պատգամավորը ներկայացրեց իր փաստաթղթերը, մենք ուսումնասիրությունը կդադարեցնենք։ Հանձնաժողովն իր ուսումնասիրությունները շարունակելու է իրականացնել՝ պարզելու իրականությունը։ Քանի որ տարբեր տվյալների ուսումնասիրություններից շղթայական բաներ են բացվում, այս պահին անհնար է որեւէ դիրքորոշում ներկայացնել։

-Տիկի՛ն Հարությունյան, իսկ շա՞տ պատգամավորներ կան, որոնց հայտարարագրերը այս պահին հանձնաժողովն ուսումնասիրում է՝ թերությունները հայնտաբերելու ուղղությամբ։

-Անկեղծ ասած, քանի որ ինքը՝ բազան, ավտոմատացված չի անում, ավելի շատ մենք դրանց մասին իմանում ենք,  երբ դիմումներ ենք ստանում, որովհետեւ մենք ինքներս ձեռքով այդ ծավալը չենք կարողանում ուսումնասիրել, որպեսզի տեսնենք, թե այդ մի քանի հազար մարդուց քանիսն են, որ ճիշտ չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը։ Մոտավորապես, հինգ հարյուր մարդկանց առանձնացրել ենք, որոնց հետ կապված կար ոչ ամբողջական տվյալներ, իրենց հետ կապված հարցերն արդեն լուծված են։ Այնպես չէ, որ բոլորինը հասցնում ենք անել։ Տարբեր խնդիրներ կան, որոնք փորձում ենք գտնել, արձանագրել, ավելացնել, թերությունները շտկել։ Օրինակ՝ Հայկ Սարգսյանի հետ կապված ուսումնասիրությունը սկսվել է  հրապարակումներից հետո։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՆՈՐ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ օգոստոսի 20-ին կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր պարեկային ծառայության ստեղծման օրակարգին:

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության եւ մնացյալ աշխատանքների վերաբերյալ։ Նշվել է, որ արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող, նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով եւ  մտածելակերպով ծառայողի կերպարի ձեւավորումն է: Նախարարի խոսքով՝ բարեփոխումն ընթանում է բնականոն հունով, սահմանված ժամանակացույցին համապատասխան. նախատեսվում է, որ պարեկային ծառայությունը Երեւանում իր աշխատանքները կմեկնարկի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից:

Խորհրդակցությանը քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային եւ կադրային համալրմանը, ինչպես նաեւ կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է Հայաստանում նոր պարեկային ծառայության ձեւավորման ու կայացման կարեւորությունը եւ հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը՝ նախանշված ժամանակացույցին համապատասխան:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայփոստի» միջոցով դեղերի ներմուծման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, «Հայփոստի» միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիներն իրենց առաքանիները կստանան առանց ՀՀ մաքսային ծառայության կողմից բեռի պահման, եթե առաքանիում առկա դեղամիջոցը համապատասխանում է հետեւյալ սահմանափակմանը. քաղաքացին ներմուծում է տվյալ դեղամիջոցը առաջին անգամ (տարվա մեջ միայն մեկ անգամ), եւ դեղամիջոցը չի գերազանցում թվով 5 անվանումը։ Նախկինում դեղեր պարունակելու պատճառով ՀՀ մաքսային ծառայության կողմից պահված առաքանիների վերաբերյալ Մաքսային մարմինների եւ «Հայփոստ» ընկերության կողմից մշակվում է ընթացակարգ` դրանք քաղաքացիներին հանձնելու համար: Ընթացակարգի մասին ՀՀ քաղաքացիները կտեղեկացվեն վերջինիս հաստատման պահից: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են միջազգային փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր, «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է փոստի միջոցով առաքվող արգելված ապրանքների թարմացված ցանկը:

 

 

ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼ Է

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի  ավագանու  անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի եւ Անտոն Խուրշուդյանի 27.07.2020թ. դիմումով հարուցված վարչական վարույթը ԿԸՀ-ն կարճել է։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցումներով պարզել է, որ 20202. օգոստոսի 20-ի դրությամբ թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղական հանրաքվե կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել: Նշված  պայմանների բացակայությամբ ակնհայտ է, որ  դիմումատուների պահանջն անիրագործելի է, ինչը դիմումը դարձնում է անթույլատրելի»,- նշել է Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ. իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ, գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

 

 




Լրահոս