ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական թեժ աշնանը սպասելիս. որ կուսակցությունն ինչով է զբաղված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է «մեծ հանրահավաք կազմակերպել»: Նա  խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք է սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ մասին հայտարարեց երեկ՝ Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ Ծառուկյանը տեղեկացրեց,  որ իր աշխատակիցներին հանձնարարել էր ժողովրդի հետ շփվել, նրանց հուզող հարցերը լսել։ Հիմա էլ հետևություն է արել՝ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր հարցերի պատասխաններն ինքը պատրաստ է տալ:

Նկատենք, որ խորհրդարանի առաջիկա նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 14-ից եւ ԲՀԿ նախագահի ասած հանդիպումները պետք է տեղի ունենա մինչ այդ: Դրան զուգահեռ նկատենք, որ ամիսներ շարունակ պարբերաբար հանդիպումներ են ունենում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այս երեք ուժեը հանդիպումների ժամանակ քննարկում են  Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։

Դրան զուգահեռ ակտիվ է նաեւ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Այս օրերին վերջինիս անդամները մարզային հանդիպումներ են ունենում, լսում բնակիչներին: Սակայն այս կամ այն ուժի հետ համագործակցելու մասին դեռեւս չեն հայտարարել: Խորհրդարանական ուժերից ամենաակտիվը թերեւս իշխող «Իմ քայլը» խմբակցությունն է. նրանց անդամները ոչ միայն մարզային հանդիպումներ են ունենում, այլեւ պարբերաբար խմբակցության, կուսակցության վարչության նիստեր անցկացնում:

Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին կարճ ժամանակ է մնացել եւ այլ կերպ ասած թեժ աշուն է սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս