Արցախի   իշխանությունը գործուն քայլեր է իրականացնելու երկու հայկական պետությունների հարաբերությունների էլ ավելի զարգացման ուղղությամբ. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ:

«Սեպտեմբերի 2-ին տոնում ենք համայն հայության համար կարևոր և հիշարժան ՝ Արցախի Հանրապետության օրը: Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվանից՝ 1991թ. սեպտեմբերի 2-ից բազմաթիվ տարիներ են անցել, ունեցել ենք բազում դժվարություններ, խնդիրներ, մեր հողերի ազատագրման, հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում՝ ցավոք նաև՝ կորուստներ՝ հերոսներ: Սակայն Արցախի Հանրապետության հերթական՝ 29-րդ տարեդարձին վստահաբար կարող ենք արձանագրել, որ չնայած աշխարհաքաղաքական իրադրությանը, հարևան պետության ռազմատենչ հռետորաբանությանն ու իրավիճակի սրման շարունակական քայլերին՝ մեր զինվորները վստահաբար պաշտպանում են երկու հայկական պետությունների սահմանները և յուրաքանչյուրիս հնարավորություն տալիս խաղաղ քուն մտնել և առօրյա անվտանգ կենսագործունեությամբ զբաղվել:

Բոլորիս համար խորհրդանշական օրն այս անգամ Արցախը տոնում է նոր ձևավորված իշխանության պայմաններում, որը, համոզված եմ, գործուն քայլեր է իրականացնելու երկու հայկական պետությունների հարաբերությունների էլ ավելի զարգացման և ամրապնդման ուղղությամբ, իսկ այդ քայլերն արդեն տեսանելի են:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս տոնական օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր հնարավորության սահմաններում ներդրում ունենանք մեր երկրի զարգացման գործում, ամենօրյա աշխատանքով պետությանը տանք այն թեկուզ և փոքր արդյունքը, որը պետք է հիմք հանդիսանա մեր հետագա առաջխաղացման, տարածաշրջանում և աշխարհում մեր դիրքերի ամրապնդման համար»,- գրել է պատգամավորը՝ կից հրապարակելով Արցախից լուսանկար:

 




Լրահոս